Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Խարխլվող շենքի բնակիչները տագնապի SOS ազդանշանն են հնչեցնում.Շամլուղ (տեսանյութ)

Շամլուղի 1-ին փողոց թիվ 10 շենքի շենքի վիճակն աղետալի է ոչ միայն դրսից, այլև ներսից: Շենքի բնակիչներից Համլետն ասում է, որ ժամանակին տիրություն էր անում շենքին, նորոգում՝ ուժերի չափով, հիմա ի վիճակի չէ: Ժամանակ առ ժամանակ բարձրանում է 3-րդ հարկ, ուր օրեցօր թափվող ծեփոնների շերտը հաստանում է: Լքված ու կիսավեր բնակարաններից շատերի տերերը լքել են դրանք ու բնակություն հաստատել արտերկրում: Տարիներ շարունակ դիմել են նախկին քաղաքապետին՝ շենքի հետագա ճակատագրի հստակեցման հարցով ու մնացել անպատասխան: 2018-ի նոյեմբերին նամակով վարչապետ Փաշինյանի ու մի շարք կառուցների ուշադրությունն իրենց շենքի վրա են հրավիրել: 12 բնակարանով շենքը 4-րդ կարգի վթարային է: Լոռու մարզպետից ստացած պատասխանը՝ թե հրատապ ծրագրերի առկայության դեպքում այն կընդգրկվի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում, բնակիչներին չի գոհացրել: 2019-ին 2-րդ նամակն են ուղարկել: Լսել են, որ այս տարվա ընթացքում գումարներ են նախատեսված Լոռու մարզում շենքերի կապիտալ նորոգման համար: Հույսով են, որ իրենց շենքն էլ կհայտնվի այդ ցանկում: Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը մեզ հետ հեռախոսազրուցում, սակայն, հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ խոսքը գնում է ընդամենը շենքի տանիքի նորոգման մասին՝10 մլն դրամի չափով: Հարցն առաջիկա նիստին կներկայացվի ավագանու հաստատմանը: Որքան էլ զարմանալի է՝ Շամլուղի 2017-21 թթ-ի զարգացման ծրագրում 1-ին փողոցի թիվ 10 շենքի մասին որևէ ծրագիր չկա: 1700 –ականներին Ախթալայում բնակություն հաստատած հույն հանքագործների կողմից հիմնադրված և 19-րդ դարի վերջերին ֆրանսիացի հանքարդյունաբերողների կողմից շահագործվող Շամլուղը խորհրդային տարիներին եռուն բանվորական ավան էր, որ քաղաքի կարգավիճակ ստացավ 1996-ին: Անվան ծագումը հաճախ է կապվում ֆրանսերենի հետ և թարգմանաբար դժվար ուղի է նշանակում: Տարիներ առաջ, ծովի մակերևույթից 1300 մ բարձրության վրա ձևավորված այս բանավանում կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրել են հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, ուկրաինացիներ, բելոռուսներ և շատ այլ ազգություններ: 5000-ի հասնող բնակչությունից այսօր մնացել են շուրջ 900-ը: Տեսախցիկից խուսափում են շամլուղցիները, բայց աշխատատեղերի բացակայության հետ կապված դժգոհությունն, այդուհանդերձ, արտահայտում: Ամենացավոտ խնդիրն է: Առաջ Ախթալայի ու մեր հանքը մեզ պահում էր,-ասում են, հիմա նույն ոսկեղենը գրավ ենք դնում, հանում, նորից դնում ու յոլա գնում: Նախկին բազմազգ ու բազմազբաղ Շամլուղում այսօր ավելի հաճախ էլեկտրական սղոցի ձայն է լսվում, մարդիկ կլոր տարին փայտի պաշար են հավաքում ու հույսով սպասում նոր կառավարության ծրագրերի իրագործմանը, գուցե դրանցից Շամլուղին էլ բաժին հասնի:

 

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *