Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Լոռու մարզի Միխայլովկա գյուղի 300 բնակիչներ նամակով դիմել են կառավարությանը՝ Մեծավան խոշորացված համայնքի կազմից դուրս գալու նպատակով (տեսանյութ)

Լոռու մարզի Միխայլովկա գյուղի շուրջ 300 բնակիչներ նամակով դիմել են կառավարությանը՝ ցանկություն հայտնելով դուրս գալու Մեծավան խոշորացված համայնքի կազմից: Բոլոր հարցերը հստակեցնելու նպատակով գյուղում ժողով են հրավիրել: Կիսադատարկ դահլիճից համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանն ու տեղակալ Արուս Դումիկյանը դժգոհ են: Սերյոժա Վարդանյանի խոսքով՝ նման վերաբերմունքը գյուղի խնդիրների հանդեպ անընդունելի է: Խոշորացումից ի վեր Միխայլովկայում ավելի շատ աշխատանքներ են արվել Մեծավանի, քան իրենց հավաքագրումների հաշվին, –դժգոհում է Վարդանյանն ու հավելում՝ ինչպես դուք կնայեք պետությանը, այնպես էլ պետությունը ձեզ: Հիշեցնում է կառավարության որոշումը՝ հողամասերի ոչ նպատակային օգտագործման դեպքում դրանք ետ կվերցվեն գյուղացուց: Վարչական ղեկավար Դիլբարյանն առաջարկում է գյուղում կաթի վերամշակման կետ բացել, որը կլուծի այդ խնդիրը: Դիլբարյանը, ով նախկինում Միխայլովկայի գյուղապետն էր, ասում է, որ մինչ խոշորացումը իրենք առանձին բյուջեով կարողանում էին գյուղի հոգսերը հոգալ, հիմա կախվածության մեջ են Մեծավանից: Տեսնելով Նորաշեն համայնքի ըմբոստացումը՝ գյուղացիք դիմել են իրեն՝ խոշորացվածի կազմից դուրս գալու համար, ինքն էլ առաջարկել՝ ստորագրահավաք սկսել:Միխայլովկան Մեծավանի կազմում է 2017-ից՝ սահմանամերձ Պաղաղբյուր և Ձյունաշող գյուղերի հետ: Մարդիկ ասում են, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել: Խոշորացրել են ու վերջ: Ամեն քայլափոխի դժվարությունների են հանդիպում: Սեդա Յավրումյանը մինչ խոշորացումը գյուղի հաշվապահն էր: Նախկինում ասում է հարկերը լավ էին հավաքագրվում: Խոշորացումից հետո, անգամ եթե հարկեր են տալիս, չգիտեն Միխայլովկայի համար միասնական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվելու: Կա թերահավատություն կառավարման այս նոր մոդելի հանդեպ: Փոքր գյուղ են: Բյուջեի փշրանքներին են արժանանում:Գրեթե 30 տարի Մեծավանը կառավարող Սերյոժա Վարդանյանն առանձնապես ոգևորված չէ համայնքի կազմում Միխայլովկայի ներկայությամբ: Ասում է, որ Մեծավանը հարկերի հավաքման առումով միշտ չեմպիոնի կարգավիճակում է եղել, այժմ ստիպված է գլուխ կախել տարածքային կառավարիչների առջև: Փոխանակ աշխատելու, մարդիկ հույսը դրել են խոպանից եկող գումարների ու նպաստների վրա: Չեն ուզում անգամ իրենց տնամերձերը մշակել: Հավաքագրված հարկերն էլ հիմնականում ապահովում են մեծ հողօգտագործողները: Խոշորացման առաջին իսկ օրերից այստեղ աշխատանքներ տարվել են,-ասում է համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը: Համայնքի բյուջեն 164 մլն դրամ է, որից 101 մլն-ը՝ պետությունից ստացվող դոտացիան: Հավանաբար գյուղում մեծամասնություն կազմող վերաբնակեցվածների մոտ չկա նաև գյուղի հանդեպ տիրոջ պատասխանատու ու սրտացավ վերաբերմունք, տարիներ շարունակ ոչինչ չեն տեսել,-հարկահավաքման ցածր մակարդակից խոսելով՝ ասում է Վարդանյանը: Գյուղի հիմնական խնդիրը ճանապարհներն են ու խմելու ջրագծի ներքին ցանցի նորացումը: Միայն սեփական բյուջեով հնարավոր չէ այն լուծել: Ծրագրել են այս տարի կարգավորել նաև լուսավորությունը: Վարդանյանը պատրաստ է վճարած հարկերով արված աշխատանքների մասին ամենամսյա հաշվետվություն տալ: Նաև կարծիք է հայտնում, որ ստորագրահավաքը վարչական ղեկավարն է նախաձեռնել: Եթե ուզում են դուրս գալ՝ իրենց գործն է: Կա կառավարության որոշում, որը փոխել հնարավոր չէ:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *