Հայաստանում զբոսաշրջությունը աճի բավականին բարձր տեմպեր է գրանցում։ Դինամիկ աճին մեծապես նպաստել է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը և Երևանից դուրս զբոսաշրջային կենտրոնների ստեղծումը: Ուշագրավ է, որ ոլորտը զարգացում է ապրում նաև քաղաքային բնակավայրերում: Օրեցօր բարձրանում է հյուրանոցային հանգրվանների, հյուրատների, հանրային սննդի կետերի ծառայությունների որակը:
Հայաստանի բնության առավելությունները նպաստում են զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանը, այդ թվում՝ արկածային, էկո և ագրո զբոսաշրջության: Հանգստի նպատակով Հայաստան այցելողների հիմնական խթանը Հայաստանի բնությունը և տեսարժան վայրերն են։ Զարգացման հետաքրքիր փուլեր է ապրում նաև ներքին զբոսաշրջությունը:
Լոռին և Չամիչը 200 հյուրատնային տնտեսություններից են, որոնք պատրաստակամություն հայտնեցին կիսվել մեզ հետ::
Երևանից ամուսիններ Դավիթն ու Լիլիթը երկար փնտրտուքներից հետո կանգ առան այս Դեբետի այս տան վրա, որը հետագայում դարձավ կեցավայր բոլոր նրանց համար, ովքեր երկար ճանապարհից հոգնած կանգ կառնեն այստեղ` գիշերակացի, սնվելու կամ պարզապես մեկ բաժակ թեյ վայելելու նպատակով:
Բոլոր հնարավոր միջոցները ներդրեցին և շարժվեցին առաջ, ամեն քայլափոխի բախվելով խնդիրների:
Գյուղում հաջողելու գրավականը մոտիվացված լինելու և մոտիվացնելու մեջ է: Լիլիթն աշխատուժ ընտրել է տեղի կանանց, որոնք սպասարկման, հյուրատնային, զբոսաշրջության ոլորտներում աշխատելու փորձ, անգամ պատկերացումներ չեն ունեցել:
Զբոսաշրջությունը զարգացնելու համար գյուղն ահռելի ռեսուրսներ ունի, որոնք չեն օգտագործվում, բայց կարողանում են հյուրերին զարմացնել ազգային, գյուղական ուտեստներով, որոնք պատրաստում են բացարձակապես տեղական թարմ և որակյալ մթերքից:
Վիճակագրության թվային պատկերը փաստում է, որ Լոռու մարզում վերջին 3 տարիներին զբոսաշրջությունը մեծ թափով զարգանում է:
Հյուրատնային տնտեսությունների սպասարկման որակի առումով ԼՄԱ Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը նաև հավելեց` որպես պետական մարմին շահագրգիռ են, որ նմանատիպ տնտեսությունների մասնագետները վերապատրաստվեն` ավելի լավ ծառայություններ մատուցելու համար:
Միջազգային կառույցների վերլուծությունների արդյունքում ծրագրերի առաջնահերթությունը տրվում է զբոսաշրջության զարգացմանը: Եվ Գերմանական զարգացման գործակալությունը և Եվրամիությունը այս մասով մեծաքանակ ծրագրեր են իրականացնում մարզում, որոնք ուղղված են զբոսաշրջությանը հարող ոլորտների զարգացմանը և լուծում են համայնքային ենթակառուցվածքների խնդիրներ:
Չնայած վերոնշյալ ծրագրերին, համայնքներում հյուրատնային տնտեսություններն ամեն օր բախվում են ենթակառուցվածքային խնդիրների` անանցանելի ճանապարհներից մինչև կոյուղու բացակայություն:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն