Միջազգային

ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին օգնություն տրամադրելու հարցը

 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 8-ին անցկացրել է լսումներ՝ ԱՄՆ պետքարտուղարության 2022 թվականի տարեկան բյուջեի վերաբերյալ: Քննարկումը նախագահում էր հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Պատասխանող կողմում էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով պատասխանեց սենատորների մի շարք հարցերի՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Լսումներին հարցեր հնչեցին նաև Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ, որոնք բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Մենենդեսը: Խոսելով Թուրքիայի մասին՝ վերջինս ընդգծեց, որ Անկարան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի դաշնակից, պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը, իսկ երկրի ներսում` բռնանում ազատ խոսքին:

«Այսօր Թուրքիայի բանտերում ավելի շատ ձերբակալված լրագրողներ և փաստաբաններ կան: Իմ կարծիքով, Թուրքիան անընդհատ խախտում է միջազգային իրավունքը, երբ սպառնում է Կիպրոսին և նրա բացառիկ տնտեսական գոտուն, երբ հայտարարում է դեպի Լիբիա գնացող տնտեսական գոտի, որը բնավ ճանաչված չէ, սակայն խանգարում է Հունաստանի տնտեսական գոտուն, երբ ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ Ադրբեջանի միջոցով, երբ բացասական դեր է խաղում Լիբիայում: Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում՝ Էրդողանի առաջնորդությամբ Թուրքիային հակադրվելու համար»,- հարց է ուղղել Մենենդեսը:

Պատասխանելով սենատորի հարցադրմանը՝ Բլինքենը նկատել է, որ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի տարաձայնությունները գաղտնիք չեն: Նա կիսում է հնչեցրած մտահոգությունը՝ շեշտելով, որ Թուրքիան հաճախ չի գործում որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, որի օրինակներից է ռուսական S-400 հրթիռային համակարգերի գնումը: Անկարայի գործողությունները Միջերկրածովում, ինչպես նաև մարդու իրավունքերի խախտումները երկրի ներսում ևս մտահոգիչ են ԱՄՆ պետքարտուղարի համար: Բլինքենը, սակայն, ընդգծում է նաև, որ Վաշինգտոնը շահագրգրված է Անկարայի արևմտյան ուղեգծում՝ կարևորելով Թուրքիայի դերակատարությունը Սիրիայի և Աֆղանստանի խնդիրներում, ինչպես նաև Իրանի և ՌԴ-ի ազդեցության նվազեցման հարցում:

«Մենք կիսում ենք այդ մտահոգությունները և ուղիղ երկխոսում ենք Թուրքիայի հետ: Ես կարող եմ վստահորեն ասել, որ երբ նախագահ Բայդենը հանդիպի նախագահ Էրդողանին մոտ մեկ շաբաթից, դրանք կկազմեն հիմնական օրակարգի մաս»,- պատասխանել է Բլինքենը:

Սենատոր Մենենդեսի մեկ այլ հարցադրումը վերաբերում էր Ադրբեջանին, մասնավորապես գործող վարչակազմի կողմից 907-րդ բանաձևի շրջանցմանն ու Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն, որի կապակցությամբ սենատորը հայտնեց իր հիասթափությունը: Նրա կարծիքով Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման պայմաններում վարչակազմի շրջանցումը նպաստում է Ադրբեջանի անպատժելի գործելաոճին, որն այժմ խախտում է միջազգային օրենքը ռազմագերիների հարցում ու Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը:

Ի պատասխան՝ պետքատուղար Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին օգնություն, ներառյալ ռազմական աջակցություն տրամադրելու խնդիրը:

«Մենք պետք է շարունակենք ուսումնասիրել այս հարցը: Ես դրա շուրջ ակտիվորեն աշխատել եմ, մասնավորապես գերիների վերադարձի, բուն բանակցային գործընթացի մեջ ներգրավվելու՝ խնդրի կարգավորման համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Սենատոր Մենենդեսն իր արձագանքում հույս է հայտնել, որ պետքարտուղարությունը կշարունակի ուսումնասիրել խնդիրը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *