Վերջին ութ տարիների ընթացքում Ուկրաինան ապրում է մշտական տագնապի պայմաններում՝ իր տարածք ռուսական ներխուժման մշտական սպառնալիքի ներքո։ Այս լարվածությունը ստիպել է բազմաթիվ ուկրաինացիների անցնել ռազմական պատրաստության դասընթացներ: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Կիևի ծայրամասում մոտ 200 կին և տղամարդ ռազմական պատրաստվածության դասեր են անցնում։ Նրանք քաղաքացիական անձինք են, ովքեր միացել են Տարածքային պաշտպանության ուժերին: Այն պահեստազորային կորպուս է, որը ստեղծվել է իշխանությունների կողմից՝ հակամարտության դեպքում Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար: Նրանք մարզվում են իրենց ազատ ժամերի հաշվին, իսկ զենք գնում են սեփական միջոցներով:
Կամավորականները խոսեցին առանց իրենց ամբողջական անունները բացահայտելու: Յուրի անունով կամավորականը շեշտում է, որ այստեղ է եկել ռազմական գործին տիրապետելու համար, որպեսզի օգնի ուկրաինական բանակին պաշտպանել երկիրը:
Ռուսական ռազմական ճնշումն Ուկրաինայի վրա նրա արևելյան սահմաններին ռազմական խոշոր զորախմբերի տեղակայման միջոցով կրկին մեծացրել է պատերազմի հավանականությոնը: Այստեղ շատերի համար հարցը դրված է ոչ թե պատերազմ կլինի, թե ոչ, այլ երբ է այն բռնկվելու:
«Պուտինը կարծում է, որ Ուկրաինա անունով երկիր չկա, և նա պետք է այն վերցնի իր վերահսկողության տակ։ Քանի որ նա չէր կարող դա անել՝ փոխելով իշխանությունը ներսից, նրան մնում է միայն մեկ տարբերակ՝ ռազմական ճանապարհը»,- կամավորական զորախմբի փոխհրամանատար Դենիս Սեմիրոգ Օրլիկը։
Շաբաթներ շարունակ հնարավոր պատերազմի բռնկման մասին լրատվամիջոցների ակտիվ հաղորդումներից հետո, այս զորավարժությունների պատասխանատուները ձգտում են նվազեցնել լարվածությունը ուկրաինական հանրության շրջանում, և հորդորում պահպանել հանգստություն, այդ թվում՝ վերապատրաստվողների շրջանում:
«Մեր հրամանատարները մեզ ասում են՝ մաքրե՛ք զենքերը, պատրաստվե՛ք և խուճապի մի՛ մատնվեք։ Դա է Ուկրաինայի բռնած ուղին»,- ուկրաինական բանակի վետերան, հրահանգիչ Արտիոմ Սոխանը։
Հաջորդ աշխատանքային օրը կամավորական այս տղամարդիկ և կանայք կվերադառնան իրենց առօրյա գործերին, մինչդեռ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այս հարցի շուրջ քաղաքական պայքարը շարունակվում է:
Փետրվարի 1-ին նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Դրա մասին հայտնել է ռուսական կողմը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը ևս տեղեկացրել էր այս շաբաթ Բլինքեն-Լավրով հնարավոր բանակցությունների մասին:
Իսկ այսօր՝ հունվարի 31-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ուկրաինական ճգնաժամը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է, որ Վաշինգտոնը երկխոսության ճանապարհներ է փնտրում։ Նա շեշտել է՝ մենք առճակատում չենք ուզում, բայց կգործենք վճռական, արագ և միասնական, եթե Ռուսաստանը հետագա ներխուժում կատարի Ուկրաինա։ Մենք շարունակում ենք հավատալ, որ հակամարտությունն ունի դիվանագիտական ելք այս ճգնաժամից, որն առաջացել է ռուսական ռազմական ստորաբաժանումների կուտակման պատճառով։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ փորձում է դիվանագիտական ջանքեր գործադրել բոլոր հնարավոր խողովակներով, սակայն դիվանագիտությունը կձախողվի սպառնալիքի և ռազմական էսկալացիայի մթնոլորտում։ Դեսպանը դրանով է հիմնավորում ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ խնդիրը Անվտանգության խորհրդում քննարկելու շուրջ:
Իր հերթին Մոսկվան փորձում էր խափանել ուկրաինական ճգնաժամի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կոչ էր արել Անվտանգության խորհրդի անդամներին դեմ քվեարկել նիստի անցկացմանը` այս նախաձեռնությունն անվանելով «մեգաֆոնային դիվանագիտություն» և միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին։
0 Մեկնաբանություն