Տեղական քաղաքականություն

ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՆ Է

Գառնիկ Ներսիսյանը Վանաձորի շախմատի դպրոցի տնօրենն է, Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Խոսքը սկսում է Անատոլի Կարպովի շախմատի մասին հայտնի ասույթով. «Շախմատը և’ արվեստ է, և’ գիտություն, և’ սպորտ»:

Լոռին շախմատային մարզ է

   -Լոռու մարզը բավականին հին ու հարուստ շախմատային պատմություն ունի: Այաստեղ առաջին անգամ շախմատի ակումբ բացվել է 1963 թ., երբ Տիգրան Պատրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն, երկրորդը՝ քիմիագործների շենքում, 1975 թ., որի արդյունքում շախմատը մեծ զարգացում է ապրել մեր տարածքում: Հասանք նրան, որ 2009 թ. բացվեց շախմատի մանկապատանեկան դպրոցը, որտեղ այսօր մարզվում են շուրջ 270 երեխաներ, որոնք մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր մրցաշարերի:

Ի՞նչ է տալիս շախմատը երեխաներին

   -Շախմատի դպրոց հիմնականում հաճախում են դպրոցում լավ սովորող երեխաները: Այս հանգամանքը պայմանավորված է մարզաձևի բարդությամբ, շախմատը հեշտ չի տրվում, այն պահանջում է բնական ընդունակություններ, հաշվարկ, հիշողություն, մտավոր կարողություն, կամք: Պատահական չէ, որ շախմատը ընդգրկված է հանրակրթական դպրոցների հիմնական առարկաների ցանկում: Պարտադիր չէ, որ բոլորը դառնան չեմպիոններ, գրոսմայստերներ, կարևորը՝ մտածող սերունդ դաստիարակելն է:

Մարզիչների սոցիալական վիճակը

   -Գաղտնիք չէ, որ մարզիչներն ունեն սոցիալական խնդիրներ, որովհետև նրանց աշխատավարը նվազագույնն է: Պարզից էլ պարզ է, որ այս աշխատավորձով նրանք չեն կարող սոցիալական խնդիրներ լուծել, որի պատճառով էլ այլ աշխատանքներ են կատարում: Ես կուզեմ, որ մարզիչները զբաղվեին միայն մարզչությամբ, որն ավելի արդյունավետ կլիներ մարզական արդյունքների տեսանկյունից:  Լավ կլինի, որ մարզիչների աշխատավարձը բարձրանա: Ատեստավորումով հանրակրթական դպրոցների ուսուցիչները հնարավորություն ունեն իրենց հարցերը լուծելու, բայց մարզիչներին չի տրվում այդ հնարավորությունը: Արդար չի նաև այն, որ մեր մարզիչները չեն օգտվում սոցիալական փաթեթներից, բայց հանրակրթական դպրոցների ուսուցիչներն օգտվում են:

Ի՞նչն է խոչընդոտում մարզաձևն ավելի զարգացնելուն

   -Հիմանական խնդիրը սոցիալականն է: Եթե համեմատում ենք մեր հարևան մարզի՝ Շիրակի հետ, ապա այնտեղ և՛ ըմբշամարտը, և՛ ծանրամարտը բարձր արդյունքներ են ապահովում, որի վկայությունը աշխարհի առաջնություններն են, օլիմպիադաներն են: Մեր մարզն այդ առումով որոշակիորեն հետ է մնում: Մենք որակյալ մարզիչների, մասնագետների պակաս ունենք, իսկ որակյալ մասնագետներն այս նվազագույն աշխատավարձով չեն աշխատի:  

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *