Մունետիկ

ԱԴԱՄ ՄԻԿՈՅԱՆԻ «ՀՈՂԻ ԿԱՆՉԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՈՂԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ երջանկահիշատակ արձակագիր Ադամ Միկոյանի «Հողի կանչը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված էր գրողի ծննդյան 100-ամյակին:
Երեկոն վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Նա ներկայացրեց գրողի կենսագրությունը, նրա գրական ու լրագրողական գործունեությունը և կարևորեց այն փաստը, որ գրողի որդին՝ Մանվել Միկոյանը, նախորդ՝ «Վիրավոր կեչին» գրքի (Թբիլիսի, «Մերանի» հրատարակչություն, 1990 թ.) գործերից բացի, հավաքել, խմբագրել և ստվարածավալ գրքով հրատարակել է Ա. Միկոյանի անտիպ պատմվածքները, ակնարկները և «Չմակարդվող արյուն» վեպը:
Ջ. Սարգսյանը հատուկ շեշտեց նաև «Վան Արյան» հրատարակչատան (տնօրեն՝ արձակագիր Վիլյամ Պողոսյան) կատարած ծավալուն աշխատանքը:
Քանի որ Ա. Միկոյանը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, նրա գործերի մեծ մասը, նաև վեպը պատերազմի մասին են:
Ջ. Սարգսյանը ներկայացրեց նաև գրողի մանկավարժական գործունեությունը: Ա. Միկոյանը զորացրվելուց հետո (Բելառուսական ռազմաճակատում վիրավորվել է 1943-ին) հայրենի Խոժոռնի գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է ռազմագիտություն, հայոց լեզու և գրականություն, երկար տարիներ եղել է դպրոցի փոխտնօրեն, թղթակցել «Սովետական Վրաստան» թերթին և Վրաստանի պետական ռադիոյի հայկական հաղորդումների խմբագրությանը:
Օրհնանքի և ողջույնի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նա կարևորեց «հայրեր և որդիներ» հասկացությունը, երբ հերթը հասնում է որդիներին, որ իրենց սրբազան պարտքը կատարեն ծնողի հանդեպ: «Շատ ողջունելի և ուսանելի երևույթ է սա, երբ որդին հնարավորություն ունի հավերժացնելու հոր հիշատակը և դա անում է ամենայն սիրով ու բարեխղճությամբ, հուշարձան կանգնեցնում հոր համար»,- ասաց Սեպուհ սրբազանը:
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մ. Միկոյանը շնորհակալություն հայտնեց դահլիճում հավաքված գրողներին, մտավորականներին, պաշտոնյաներին և բոլոր ներկաներին, ապա լրացուցիչ տեղեկություններ ներկայացրեց հոր մասին՝ նշելով, որ նա մեծացել և ուսում է ստացել (ավարտել է երկու բուհ) որբության ու զրկանքների պայմաններում, բայց ոտքի է կանգնել, ընտանիք կազմել և մեծացրել ու դաստիարակել հինգ զավակների:
Ապա Մ. Միկոյանը կարդաց հոր մասին վերջերս գրած իր անտիպ բանաստեղծությունը: Վանաձորի համայնքապետի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Արման Բերնեցյանը նախ խոսեց Լոռու բնաշխարհի Խոժոռնի գյուղի մասին, որը հարակից այլ հայկական բնակավայրերի հետ միասին շուրջ 100 տարի առաջ բռնակցվել է Վրաստանին, ապա ջերմ խոսքեր ասաց Ա. Միկոյանի ստեղծագործությունների մասին, ներկայացրեց իր տպավորությունները: Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանն ասաց, որ մեծ հափշտակությամբ է կարդացել գիրքը, որը լի է սիրով, նվիրվածությամբ ու հայրենասիրությամբ: Նա ներկայացրեց «Չմակարդվող արյուն» վեպի սյուժեն՝ կարևորելով ռազմաճակատում կռվող զինվորների քաջությունը և թիկունքում նրանց կանանցից մեկի բարոյական բարձր նկարագիրը, որը շատ ուսանելի է:
«Երբ կարդում էի գիրքը, իմ առջև հառնում էր հեղինակի՝ որպես բարոյական և առաքինի տղամարդու կերպարը: Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն բարոյականության մի դաս է, որը պետք է սերտեն բոլորը, մանավանդ՝ մեր ժամանակներում»,- ասաց Թ. Շահվերդյանը:
ՎՊՀ-ի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը շնորհակալություն հայտնեց Մ. Միկոյանին, ով «հուշարձան է կանգնեցրել իր հոր ստեղծած հուշաբեկորներով՝ ամբողջացնելով նրա ստեղծագործությունները և ներկայացնելով սերունդներին»:
«Ադամ Միկոյանը պատերազմը ներկայացրել է որպես իրողություն և փաստ՝ նկարագրելով հայրենասիրությունը, մարդու բարոյական նկարագիրը բարձր պահելու բազմաթիվ տեսարաններ մարդկային բարդ հարաբերություններում»,- ասաց նա:
Հանրապետական մրցույթների դափնեկիր, Վանաձորի պոեզիայի թատրոնի (ղեկավար՝ Ջիվան Սարգսյան) արտիստուհի Հրաչուհի Լոռեցյանը ներկայացրեց հատվածներ «Չմակարդվող արյուն» վեպից:
Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը նշեց, որ այդ օրվա իրադարձությունն օրինակ վերցնելու միջոցառում է, քանի որ որդին իր հոգու պարտքն է կատարում ծնողի նկատմամբ: «Շատ կարևոր է, որ գիրքն ունի գեղարվեստական արժեք, սակայն պակաս կարևոր չէ բարոյական, դաստիարակչական նշանակությունը: Երբ կարդացի այս գիրքը, տասնապատիկ ավելացավ իմ սերը ծնողներիս և հայրենիքիս նկատմամբ: Մեզ միշտ թվում է, թե չկարողացանք մեր ծնողների համար անել այն ամենը, ինչ կամենում էինք: Այն, ինչ չենք կարողանում հատուցել մեր ծնողներին, հատուցում ենք մեր զավակներին»,- ասաց Խ. Գասպարյանը:
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասան Գագիկ Դուրմիշյանը հատվածներ ներկայացրեց Ա. Միկոյանի «Իմ գյուղը» և «Վիրավոր կեչին» գործերից:
Երգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, «Հորովել» երգի-պարի համույթի մենակատար Ստեփան Դալլաքյանը:
Ողջույնի խոսք ասաց Լոռու մարզպետարանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը՝ անդրադառնալով վեպին ու պատմվածքներից մի քանիսին: «Գրքում հայ մարդու բարոյական կերպարը բարձրարվեստ է ներկայացված: Իմ կարծիքով՝ եթե գիրքը կարդալուց հետո երկրորդ և երրորդ անգամ կարդալու ցանկություն չի առաջանում, դժվար է խոսել նրա արժանիքների մասին: Այդպիսի ցանկություն ես ունեցա «Հողի կանչը» գիրքը կարդալուց հետո»,- ասաց Մ. Մելիքյանը:
Գրքից հատվածներ ընթերցեցին գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան ասմունքի խմբակի (ղեկավար՝ Ռիմա Մկրտչյան) սաներ Լիլիթ Ամիրյանը, Անի Ալթունյանը, Ռոզա Սաքանյանը և պոեզիայի թատրոնի սան Արինա Վարդերեսյանը:
Միջոցառմանը Ա. Միկոյանի թոռներից ներկա էին յոթը: Առաջնեկ թոռը՝ լրագրող Երևանի «ՎԻՆՅՈՒԶ» լրատվական կայքի քաղաքական բաժնի խմբագիր Նաիրա Պողոսյանը, հուշեր պատմեց պապից՝ նշելով, որ իր մեջ տպավորվել է երեք բան՝ անսահման հոգատարությունը, գրքերը և մանուշակի բույրը: «Պապս գյուղում մեծ գրադարան ուներ, սեղանին գրքեր էին, տանը՝ գրքեր: Նա միշտ ինձ հորդորում էր շատ կարդալ և լավ սովորել: Պապս իմ նկատմամբ շատ հոգատար էր և առանձնակի սիրով էր ինձ վերաբերվում: Նա դպրոցից գալիս էր, և մենք միասին անտառ էինք գնում, մանուշակներ հավաքում, փնջում և տուն բերում: Անմոռանալի օրեր էին՝ լցված սիրով և գորովանքով: Մենք միշտ պատասխանատու ենք մեր մեծերի, հարազատների առջև: Այս զգացողությունը երբեք չի լքում ինձ: Ես՝ որպես լրագրող, շարունակում եմ պապիս գործը և միշտ բարձր եմ պահում նրա պատիվը»,- ասաց Ն. Պողոսյանը:
Ա. Միկոյանի թոռ, Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, արձակագիր, ՀԳՄ Լևոն Անանյանի ու «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակների դափնեկիր Արթուր Միկոյանը նշեց, որ պապի կերպարին երևակայական պատկերներով անդրադարձել է իր «Օտար լույս» վեպի գլուխներից մեկում և «Դռնակով Աստվածաշունչը» պատմվածքում: Ապա նա ընթերցեց իր խոսքը. «Դժվար է խոսել մի մարդու մասին, ում հետ կապված որևէ հիշողություն չունես: Դժվար է խոսել քեզ անծանոթ, անհայտ հարազատի մասին այնպես, որ խոսքդ չվերածվի արհեստական գովաբանության, ծեծված կենացի: Դժվար է խոսել պապիդ մասին այնպես, որ մեղրածոր բառերդ չմեղրապատեն նրան կորցնելու աստիճան, ու դու ականջներդ փակես մոտեցող տզզոցներին հանդիման: Դժվար է, երբ դժվար է խոսել:
Իմ միակ հիշողությունները պապիս մասին նրա նկարներն են, որոնց երբ ձեռք էի տալիս, պայծառանում էի և նրա հիշողություններում իմ հետքն էի թողնում: Ես նրա նկարների կյանքը, կենցաղը, տրամադրությունները փորձում էի իմը դարձնել, բայց ամեն անգամ բառը ներանձնային ռեակցիա էր առաջացնում իմ մեջ՝ այդ տրամադրություններից, կյանքից, կենցաղից թողնելով ինձ լոկ մի անհուշ հայացք:
Ես ոչ մի հիշողություն չունեմ նրա հետ կապված, ասենք՝ պապդ քաղաքի բոլոր խանութներով քեզ ման է ածում, նվերներ է առնում, ու դու հանկարծ մի վերջին խանութից մի նվեր ես ուզում, ու զայրացած պապդ այնպես է մատ թափ տալիս վրադ, որ մատը խանութից մեծ է քեզ թվում: Երբ ասենք պապդ այնքան առատաձեռն է լինում, որ ամաչում ես թոռ լինելուդ մտքից և ուզում ես պապիդ պապություն անել: Ես չունեմ այդպիսի հիշողություններ:
Երբ պապիս մասին հիշողություններ էին պատմում, ներսումս կարծես օտար մարմիններ հայտնվեին: Դրանք իմ հիշողությունները չէին, դրանք ուրիշինն էին: Իմ ներսի կենսոլորտը դա չէր ընկալում, այդ հիշողությունների համար ոչ մի բնակելի վայր չկար այնտեղ: Երբ մարդը հիշողություն չունի իր հարազատի մասին, նա միշտ կենդանի է իր համար: Երբ հիշողություն չունես հարազատիդ մասին, նա միշտ քո վերջակետի փոխարեն ստորակետ է դնում, ու կյանքը նորից շարունակվում է:
Շնորհավոր գրքիդ ծնունդը, պապի ջան: Ես քո ստեղծագործություններում չկամ միայն քո ողջ մնալու պայմանով»:
Հանդիսավար Ջ. Սարգսյանը երեկոն եզրափակեց Ա. Միկոյանի «Իմ գյուղը» մանրապատումի ընթերցմամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *