Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացրել։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավոր անդամներից մեկի նկատմամբ գործընթաց սկսել ՝ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
«Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,- մանրամասնել է Լիլիթ Մակունցը։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հստակեցրել է, որ լիազորությունների դադարեցման հիմքերից է կարգապահական խախտումը։
«Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը՝ դիմելով Ազգային ժողովին՝ համապատասխան որոշման նախագծով, որի շրջանակում ԱԺ-ն քննելով հարցը՝ գաղտնի քվեարկությամբ երեք հինգերրորդով որոշում է կայացնում դիմել Սահմանադրական դատարան, վերջնական որոշումը այս հարցով կայացնում է ՍԴ-ն»,- ասաց նա։
Վլադիմիր Վարդանյանը նկատել է, որ կարգապահական խախտման օրինակ է այն, որ չեն քննարկվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումները։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը սեպտեմբերի 3-ին ընդառաջ, երբ ՍԴ-ն քննելու էր «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ պաշտպանների դիմումի քննությունը, միջնորդություն էր ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ: ՍԴ դատավորի հիմնավորմամբ՝ նախկինում նրանք առնչվել են մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանին վերաբերող դիմումը քննելիս:
Մյուս հիմքն այն է, ըստ Վարդանյանի՝ կողմի (Ռոբերտ Քոչարյանի) ներկայացուցչի հետ սերտ կապերի առկայությունը, որը կարող է կասկածի տակ դնել գործընթացի օբյեկտիվությունը։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի մասին է։ Ի դեպ, Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նման գործընթաց երբևէ Ազգային ժողովում չի սկսվել։ ԱԺ քննարկման ժամանակ կհրավիրվի այն անձը, ում նկատմամբ այդ գործընթացը սկսվելու է, նա հնարավորություն կունենա ելույթ ունենալ և նրան կարող են տրվել հարցեր։
Հրայր Թովմասյանից ազատվելու խնդիր, ըստ պատգամավորի՝ «Իմ քայլը» խմբակցությունը չի դրել։
«Թեև չկա այնպիսի մարմին, որը վերադաս լինի Սահմանադրական դատարանին, դա չի նշանակում, որ ՍԴ-ը կարող է շեղվել այն լիազորություններից, որոնք սահմանված են Սահմանադրությամբ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը։
0 Մեկնաբանություն