-Տիկի՛ն Կյուրեղյան, դուք արդեն ցուցակ եք ներկայացրել, պատրաստվում եք ընտրությունների։ Ի՞նչ տրամադրություններով եք մտնում քարոզարշավի բուն փուլի մեջ։
-Ինքը՝ բուն քարոզարշավը շատ կարճ ժամանակաշրջան է՝ ընդամենը տասներկու օր։ Մենք, բնականաբար, ներկայացրել ենք մեր ցուցակը և այդ պայքարի մեջ մտնում ենք մարտական տրամադրվածությամբ, մեր ասելիքը ասելու, համոզելու և բավականին շատ քվեներ ստանալու ակնկալիքով։
-Տիկի՛ն Կյուրեղյան, երրորդ հանրապետության պատմության մեջ ՀՅԴ-ն մշտապես իշխանության մաս է կազմել։ Հնարավոր չէ՞ թեկուզ փոքր խմբակցությունով ինքնուրույն գործել։ Ինչու՞ եք դուք միշտ իշխանության մաս կազմում և հետագայում հանգում անհաջողության։ Արդյո՞ք համաձայնության կառավարության մաս կազմելու հանգամանքից կարելի է ենթադրել, որ դուք փորձում էիք փարատել այն կասկածները, որ մասնակից եք եղել նախորդ ռեժիմի գործողություններին։
-ՀՅԴ-ն այս քսանութ տարիների ընթացքում կոալիցիայի մեջ եղել է ընդամենը տասներկու տարի։ Առաջին անգամ կոալիցիոն կազմի մեջ ՀՅԴ-ն մտել է այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը հայտարարել էր Արցախի հողերը հանձնելու իր մոտեցումների մասին։ Բնական է, որ այդ ընթացքում մենք պետք է մաս կազմեինք Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը։ Իշխանության մեջ լինելով՝ մենք մեր ձայնը ներդրեցինք, որպեսզի դա չկայանա։ Դրանից հետո մենք կոալիցիայից դուրս ենք եկել 2009թվականին, երբ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրություններ, որտեղ խոսվում էր ադրբեջանական կողմից նախապայմանների մասին, և մենք պահանջեցինք, որ այդ բանակցություններն ընթանան առանց նախապայմանների։ Սերժ Սարգսյանի կողմից մեր պահանջները չընդունվեցին, և մենք մեկ օրվա մեջ դուրս եկանք կոալիցիայից։ Երկար տարիների դադարից հետո ՀՅԴ-ն միայն 2016թվականին նորից մտավ կոալիցիայի մեջ։
-Եղել են ժամանակներ, երբ ԱԺ-ում ՀՅԴ-ն ունեցել է տասնվեց պատգամավոր։ Այս թիվը տարեցտարի նվազել է։ Դուք հասկացե՞լ եք՝ ինչու է նվազում ձեր վստահության քվեների քանակը։ Ի վերջո, ինչ-որ տեղ դուք պիտի հաշվետու լինեիք այն ընտրողին, որը տասնվեց քվեով ձեզ ուղարկել էր խորհրդարան։
-Երբ մենք գնացել ենք որևէ համաձայնագրի, նժարների վրա եղել է վարկանիշի իջեցման ռիսկ և կարևոր օրակարգային հարցերի ամրագրում, և մենք ընտրել ենք այդ ամրագրումը, մասնավորապես այն մոտեցումը, որ երկրում հաստատվի խորհրդարանական համակարգը։ Եվ այսօր հեղափոխության հաղթանակը արդյունք է հենց այդ խորհրդարանական համակարգի հաստատման։ Մեր խնդիրը ոչ թե մանդատների ձեռքբերումն է, այլ երկրում այն քաղաքական համակարգի ձևավորումը, որը կբացառի քաղաքական մենաշնորհը։
Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև Ֆեյսբուքի օգտատերերի կողմից բարձրացված հարցերը:
Նարինե Ավետիսյան
0 Մեկնաբանություն