ՌԵՖՈՐՄացիա

2018-ին նախատեսվում է ավելացնել խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների թիվը՝ հասցնելով 94-ի:

Մնացականյանների ընտանիքն Օձունից է: Երկար տարիներ ամուսնացած են, չունեն սեփական երեխաներ: Տեղեկանալով խնամատար ընտանիք ծրագրի մասին՝ ներգրավվել են դասընթացներում, դարձել խնամատար ընտանիք: Խնամատարության գաղափարը շատ ճիշտ են համարում: Տիկին Անիչկան երեխաներ ու թոռներ ունի: Վանաձորից է: Իր տուն է տանելու փոքրիկ Սյուզիին: Անչափահասների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի որոշմամբ Վանաձորի մանկատան 4 երեխաներ տեղափոխվում են խնամատար ընտանիքներ՝ համապատասխանաբար մարզի Օձուն, Վանաձոր և Բազում համայնքներ: Խնամատարության հիմքում ընկած է երեխայի՝ ընտանեկան միջավայրում ապրելու և դաստիարակվելու գաղափարը: Նպատակը՝ կենսաբանական ընտանիքների շրջանում արթնացնել հոգատարություն և ծնողական պարտականությունների զգացումն իրենց երեխաների հանդեպ՝ խթանելով վերամիավորմանը.- ասում է Հասմիկ Առաքելյանը՝ ՄԱԿ մանկական հիմնադրամից: Նրա խոսքով՝ թեև քիչ, բայց լինում են դեպքեր, երբ կենսաբանական ընտանիքը ցանկություն է հայտնում ետ վերադարձնել խնամատար ընտանիքում ապրող իր երեխային: «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման» ծրագրով, որ իրականացվում է արդեն 10 տարի՝ պետբյուջեի միջոցներով, նախատեսվում էր յուրաքանչյուր տարի խնամատար ընտանիքներում կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած 25 երեխայի խնամքը: Ըստ Երեխայի իրավունքների պաշտպանության 2018 թվականի տարեկան ծրագրի՝ ներկայումս 21 խնամատար ընտանիքում խնամվում է 25 երեխա: Երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումների շրջանակներում այս տարի նախատեսվում է ավելացնել խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների թիվը: Խնամատարների հետ տարվող դասընթացների կարևոր բաղադրիչներից էլ փորձի փոխանակումն է,-ասում է ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոնի խնամատարության մասնագետ Ելենա Հարությունյանը: Մինչ այս, գործընթացում որոշակի խոչընդոտներ կային կապված իրավական ոլորտի հետ: Ընտանեկան օրենսգրքի առաջիկա փոփոխությունները կլուծեն այն: Սրան զուգահեռ՝ մեծ դերակատարում է վերապահված սոցիալական դեպք վարողներին՝ գործընթացի հետագա մշտադիտարկման առումով: Կառավարության 2008թ. 459-Ն որոշման համաձայն՝ 1 երեխայի խնամքի համար խնամատար ընտանիքին ամսական նախատեսված էր հատկացնել այնքան գումար, որքան պետությունը ամսական հատկացնում է մանկատանը՝ 1 երեխայի խնամքի համար՝ նախատեսված տվյալ տարվա բյուջեով: Ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանի՝ խնամատարության ներդրումից ի վեր խնամատար ընտանիքին 1 երեխայի հաշվով տրամադրվող գումարը հիմնականում փոփոխության չի ենթարկվել և կազմում է շուրջ 135.000 դրամ: Այն բացի երեխայի խնամքի, սննդի և դաստիարակությանն անհրաժեշտ ծախսերը, ներառում է նաև խնամատար ծնողներից մեկի վարձատրությունը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Մանկատան դեպքում՝ հատկացվող գումարը բացի երեխայի խնամքից և աշխատավարձերից ներառում է նաև վարչական և այլ ծախսեր: Լոռու մարզի Բազում գյուղում 13 ամյա Միքայելին դիմավորում են գյուղապետն ու բնակիչները: Նվեր հեծանիվ են հանձնում գյուղապետարանի կողմից: Միքայելը խնդրում է չնկարել իրեն, և շտապում փորձարկել հեծանիվը՝ նոր եղբոր հետ: Խնամատար ծնող Ռուզաննա Վարդանյանի հետ ենք զրուցում: Բազումի համայնքապետարանում է աշխատում: Ասում է, որ դարձել է խնամատար ոչ այնքան գումարի, որքան 13-ամյա որդու համար եղբայր գտնելու և նրան նույնպես ընտանեկան ջերմություն ու դաստիարակություն տալու ցանկությամբ պայմանավորված: Տղաները իրար հետ միանգամից են լեզու գտել: Ուրախ է, որ տղան այլևս մենակ չէ: Հուզական կապը պահպանելը շատ կարևոր է,-ասում են երեխաների հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչները: Քույր-եղբայրներին խնամատար ընտանիք տեղափոխելը չի ենթադրում նրանց միմյանցից բաժանել: Նրանք կարող են տեսակցել իրենց հարազատների հետ՝ համաձայն սահմանված ժամանակացույցի: Աշխատավարձ վճարելով խնամատար ընտանիքին՝ երեխայի դաստիարակության ու խնամքի համար, պետությունն, այդուհանդերձ խնայողության քաղաքականությունն է որդեգրել: 2 երեխայի խնամք ստանձնելու դեպքում, օրինակ ընտանիքին գումարը հատկացվում է ոչ թե 2, այլ այլ 1,5 երեխա հաշվարկով՝ 202.500 դրամ: 3 և ավելի երեխայի պարագայում՝ հատկացվում է մանկատան 2 երեխայի ծախսի չափաբաժնով` 270.000 դրամ: Կառավարության 2016-ի մարտի 10-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը, որով սահմանվել են խնամատար ընտանիքների տեսակներն ու ձևերը: Հայեցակարգի նպատակն է բարձրացնել խնամատարության գործընթացի արդյունավետությունը՝ խնամատար ընտանիքներում ապահովելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպումը: Այս ուղղությամբ դեռևս հստակ գործողություններ չեն ձեռնարկվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *