ՌԵՖՈՐՄացիա

«Դրամայի տեսության» առաջին մեթոդական ուղեցույցը

             Մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ գիտական քննարկում՝ նվիրված ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, Մարկ Տվենի անվան միջազգային մրցանակի դափնեկիր,Մովսես Խորենացու մեդալակիր Էլֆիք Զոհրաբյանի «Դրամայի տեսություն» մեթոդական ուղեցույցին (Երևան, Էդիթ պրինտ, հեղ. հրատ., 2025, 104 էջ)։ Միջոցառումը վարում էր գրականագետ Կարեն Մանուչարյանը։ Նա առաջնախոսքում հանգամանորեն ներկայացրեց ուղեցույցի կառուցվածքը, մեթոդաբանությունը, գիտական և մանկավարժական արժեքը։ Սա հայ իրականության մեջ դրամատուրգիայի ժանրերի և ենթաժանրերի ամբողջական դասակարգման առաջին փորձն է, որ կատարվել է գիտական բարեխղճությամբ։

  ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա բարձր գնահատեց Էլֆիք Զոհրաբյանի գիտական գործունեությունը։ Արդի հայ գրականագիտությունը համեմատաբար քիչ ուշադրություն է դարձնում դրամատիկական սեռին։ Էլֆիք Զոհրաբյանը հնարավորինս լրացնում է այդ բացը, և մեթոդական այս ուղեցույցն ու դրամայի տեսական հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածները դրա լավագույն ապացույցն են։ Մանվել Միկոյանը հեղինակին խորհուրդ տվեց զբաղվել նաև թատերագիտությամբ։

  Գրքի խմբագիր, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը ևս բարձր գնահատեց դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի գիտական նպատակասլացությունը։ Նա ընդգծեց, որ «Դրամայի տեսություն» դասընթացի շրջանակներում վաղուց էր զգացվում նմանատիպ ուղեցույցի անհրաժեշտությունը։ Այն օգտակար կլինի և՛ ուսանողներին, և՛ դրամայի տեսությամբ հետաքրքրվող հետազոտողներին։

Գրքի սրբագրիչ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Պողոսյանը նշեց, որ մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում ուղեցույցը։ Նա բարձր գնահատեց հատկապես անտիկ դրամատուրգիային նվիրված հատվածները։ Դրանց շնորհիվ ընթերցողը պատկերացում է կազմում դրամայի ծագման և զարգացման վաղ փուլերի մասին։ Էլֆիք Զոհրաբյանին մեծապես օգնել է նաև բեմը գործնականում ճանաչելու հանգամանքը։

 Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը նշեց, որ Էլֆիք Զոհրաբյանը վայելում է ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը։ Այս մեթոդական ուղեցույցն արդյունք է նրա բազմաոլորտ հետաքրքրությունների։ Է. Զոհրաբյանի անգլիական կրթությունը նպաստել է, որ նա համաշխարհային դրամատուրգիայի շատ գլուխգործոցներ և դրամայի տեսությանը նվիրված աշխատություններ կարդա բնագրով։ Նաև դրանով է պայմանավորված ուղեցույցի գիտական ընդգրկունությունը։

  Մեթոդական ուղեցույցի մասին իրենց կարծիքներն արտահայտեցին նաև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի «Ռեժիսուրա» բաժնի ուսանողուհի Սյուզաննա Հալևորյանը և ՎՊՀ-ի հայոց լեզվի և գրականության  ֆակուլտետի ուսանողուհի Միլենա Աթիկյանը։ Ս. Հալևորյանը կարևորեց ուղեցույցի պարզ ու մատչելի լեզուն, դրամատուրգիայի տարբեր եզրույթների գիտականորեն ճշգրիտ մեկնաբանությունները, ժանրի և ենթաժանրի ամբողջական ու դիպուկ բնորոշումները։ Մ. Աթիկյանը կարևորեց Է. Զոհրաբյան դասախոսի և հետազոտողի խստապահանջությունը։ Նա նշեց, որ այս մեթոդական ձեռնարկն ամբողջական պատկերացում է ձևավորում դրամատիկական սեռի առանձնահատկությունների մասին։

  Քննարկումը բավականին հագեցած էր և արդյունավետ։ Միջոցառման հյուրերը տպավորված էին հեղինակի բազմընդգրկուն աշխատանքով։

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *