ՌԵՖՈՐՄացիա

Ի՞նչ են առաջարկում համալիր սոցիալական ծառայությունները և ովքե՞ր կարող են դիմել:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կարևորագույն բնութագրիչներից մեկը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների առկայությունն է, ինչը հնարավորություն է տալիս քաղաքացու կարիքները բավարարել մեկ վայրում: Ներկայում հանրապետությունում գործում են նման 18 կենտրոններ, որոնցից 13-ը՝ մարզերում: Լոռու մարզում իրականացվող սոցիալական բարեփոխումների պիլոտային ծրագրի առանցքում ևս միասնական սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգի ներդրումն է, մասնավորապես՝ Վանաձորի կենտրոնի վերակառուցումը, որը դեռ չի ավարտվել: Պիլոտային ծրագրի փորձեր Լոռիում նախկինում էլ են եղել: -2004-ի փորձը խթան հանդիսացավ անցնելու Համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը,- հիշում է ոլորտում երկարամյա ստաժով Արմեն Ավետյանը: Նա նաև կարծիք է հայտնում, որ այն հաջողվեց մասամբ: Վանաձորի ապագա Համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի տարածքում բուն վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Դրանք իրականացվում էին 2017-ից՝ կառավարության և ՀԲ-ի համաֆինանսավորմամբ՝ սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի շրջանակներում: Շահագործումը նախատեսվում էր 2017-ին: Համենայն դեպս, այդպես էր զեկուցվել սոցապ նախարարին 2017-ի մայիսին՝ Լոռու մարզ աշխատանքային այցի ժամանակ: Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն ասվածը ենթադրում է հարմարավետություն և մատչելիություն, և դա զուտ դեկլարատիվ բնույթ չպիտի կրի: -Վանաձորի կենտրոնի 2-րդ հարկում օրինակ, որտեղ ներկայում հարևանում են սոցիալական ապահովության պետական հիմնադրամի տարածքային բաժինն ու զբաղվածության կենտրոնը, նեղ միջանցքի և միաժամանակ բացված դռների պատճառով, մարդիկ շատ հաճախ հայտնվում են խցանման մեջ,-տեսախցիկից խուսափելով ասում են նշյալ կառույցների աշխատակիցները: Շինարարական ընկերությունն, ամենայն հավանականությամբ, գործնականում բացառելով 2-րդ հարկ տեղաշարժման խնդիրներով քաղաքացիների մուտքը, սանհանգույցի հարմարեցում չի արել: Անզեն աչքով էլ պարզ է, որ այն անհարմար ու նեղ է անգամ խնդիր չունեցողների համար: Բարեբախտաբար պատկերը նույնը չէ 1-ին հարկում: Այստեղ մատչելիության խնդիր չկա: Կենտրոնն այժմ կահավորման ընթացքում է: Դեռ չի գործում նաև միասնական ընդունարանը: «Դեռևս չենք աշխատում միասնական տեղեկատվական բազայով, բայց գիտենք առավելությունների մասին»,-խոսելով շուրջ 18 բազաների միավորման մասին, ասում է Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վանաձորի տարածքային կենտրոնի պետ Արմեն Փոթինյանը, ով ապագայում նաև համակարգելու է Համալիր կենտրոնը: Արդյո՞ք միասնական ընդունարան ասվածը ենթադրում է որակավորված մասնագետների առկայություն, որոնց շնորհիվ նաև քաղաքացին պիտի զերծ մնա ավելորդ փաստաթղթային վազվզոցից: Արմեն Ավետյանն ասում է, որ միայն միասնական ընդունարանի առկայությունը բավարար չէ քաղաքացու սոցիալական կարիքի լուծման համար: Բարեփոխումների համատեքստում Արմեն Ավետյանն առանձնացնում է հատկապես դեպք վարողի ինստիտուտը: Հիմնական բեռը դրվում է հենց դեպք վարողի ուսերին, ինչը նոր աստիճանի է հասցնելու սոցիալական ծառայության հասցեականությունը: Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել համալիր սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային կենտրոն: Համալիր սոցծառայությունների կենտրոնում գործելու են Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի և Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնները, Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը և Լոռի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովը: Այստեղ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին կամ անձին սոցիալական ծառայություններ կտրամադրվեն անվճար: Միասնական տեղեկատվական բազայի գործարկումով քաղաքացին այլև չի կարողանա ոչ հավաստի տեղեկություններ տրամադրել իր մասին: Բազաների համադրման արդյունքում ի հայտ է գալիս ցանկացած փաստ: Այստեղ վստահեցնում են՝ անձի կամ ընտանիքի անձնական տվյալների գաղտնիությունը պահպանվելու է խստորեն: Դրանք կարող են տրամադրվել այլ անձանց կամ կազմակերպությունների՝ միմիայն անձի կամ ընտանիքի համաձայնությամբ: Ե՞րբ կսկեն գործել համալիր կենտրոնի կարգավիճակով,-ոլորտի պատասխանատուները դժվարանում են ասել: Հավանաբար՝ 1-2 ամսից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *