ՌԵՖՈՐՄացիա

Ներառականությունը միայն մատչելիությունը չէ, այլ հանրային վերաբերմունքի փոփոխությունը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի  փոխնախարար Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել էր ներառական կրթության վերաբերյալ մի հրապարակման: Նա մտահոգիչ էր համարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունը, որում նա ասել էր, թե ներառական կրթության ոլորտում գործնականում  զարգացում չի արձանագրվել։ Մեկնաբանությունները շատ էին: Նրանցից մեկն էլ ֆբ օգտատեր Հասմիկ Սողոմոնյանն էր, որ բարձրաձայնել էր թոռնիկի՝ Վանաձորի թիվ 5 ներառական մանկապարտեզի հետ ունեցած խնդիրը: Որոշեցինք գնալ մեկնաբանության հետքերով և զրուցել տիկին Հասմիկի հետ: 
Եղանք նաև թիվ 5 ներառական մանկապարտեզում, որն արդեն 13 –որդ տարին է՝ այդ կարգավիճակով է: Փոխանցեցինք տիկին Հասմիկի մտահոգությունը տնօրեն Անահիտ Փոլադյանին: Տնօրենը զարմանք է հայտնում, եթե խնդիր է եղել՝ ինչու՞ ծնողներն անմիջապես չեն բարձրաձայնել մասին: Ի վերջո, չի բացառվում, որ նման իրավիճակներ դարձյալ լինեն և մանկապարտեզի տնօրինությունը պարտավոր  է տեղյակ լինել՝ նման միջադեպերը բացառելու և  համարժեք քայլեր ձեռնարկելու համար:
Անահիտ Փոլադյանը հատուկ դաստիարակից ճշտում է իրողությունը: Ընկեր Դիանան հավաստում է՝ Հայկ Մարկոսյանը մի քանի տարի առաջ եկել է մանկապարեզ: Հետաքրքրվում է՝ ինչու՞ տղան այլևս չի գալիս 
Տեղում պարզաբանման նպատակով, տնօրենը մեր ներկայությամբ կապվեց երեխայի տատիկի հետ՝ պարզելու՝ ի վերջո ո՞րն է մանկապարտեզ չհաճախելու խնդիրը: 
Խնդրին, որ բարձրացնում է տիկին Հասմիկը՝ տեղաշարժման դժվարություններով երեխաների՝ մանկապարտեզ հասնելը, բախվում են բազմաթիվ ծնողներ: Շատ երեխաներ հենց այս պատճառով չեն հաճախում մանկապարտեզ: Եվ խնդիրը միայն մանկապարտեզների հարմարեցումը չէ, այլ քաղաքի քաղաքաշինական անմատչելիությունը:
Մանկապարտեզի տնօրենը ցավով է նշում, որ չունեն համապատասխան տրանսպորտ, համայնքային բյուջեն էլ միջոցներ՝ այդ կարիքը բավարարելու համար: Նամակներով դիմել է բազմաթիվ միջազգային կառույցների: Արձագանքողներ դեռ չկան: Սա միակ խնդիրը չէ: Որպես ներառական մանկապարտեզ՝ համայնքի բյուջեից լրացուցիչ հատկացումներ չեն ստանում: Մասնագետների պակասն էլ լրացում են մի շարք կառույցների հետ համագործակցելով:
  Շուրջ 5 տարի է՝ նույն խոսակցություններն ենք  լսում՝ պետբյուջեից կլինեն հատկացումներ՝ ներառական մանկապարտեզներին,-ասում է մանկապարտեզի տնօրենը՝ խոսելով 60-ականների կառույց շենքի քաղաքաշինական մատչելիության մասին: Շատ են ուսումնասիրել, բայց  չեն գտել շենքի հարմարեցման ոչ մի տարբերակ: 2-րդ հարկ գրկած են բարձրացրել տեղաշարժման դժվարություններով երեխաներին: Այս է նաև պատճառը, որ 110 երեխայով  մանկապարտեզ այժմ հաճախում են  հիմնականում շփման խնդիրներ ունեցող 12 երեխաներ: Զրուցում ենք նրանցից մեկի ծնողի հետ: 6 ամիս է՝ երեխան այստեղ է և վարքագծային փոփոխություններն ակնհայտ են:
Ծնողներն իրենք փոխվելու կարիք ունեն,-ասում է երեխայի ծնողը: Շատ կարևոր է, որ նրանք գիտակցեն երեխայի լիարժեք ներառումը, այնինչ շատերն անգամ կրթությունն են անտեսում, ուր մնաց թե նախադպրոցական կրթությունը կարևորեին:
Վերջերս ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան Վանաձորում հանդիպում էր անցկացրել վանաձորաբնակ հաշմանդամություն ունեցող անձանց ծնողների հետ: Կոալիցիայի իրազեկման խմբի անդամ Անուշ Ասլանյանն ասում է, որ այն, ինչ բացահայտել են այդ հանդիպմանը, տխրելու առիթ է տալիս:  
  Եթե մենք խոսում ենք համընդհանուր ներառականության մասին, ապա պիտի հենց նախակրթական մակարդակից բացառվեն խտրականության դրսևորումները-ասում է ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխանախարար Զարուհի Բաթոյանը: Մանկապարտեզում, թե դպրոցում՝ բոլորը հավասար են և դաստիարակն ու ուսուցիչը՝ բոլորինը հավասարապես՝ առանց կարծրատիպերի ու պիտակավորումների
Մատնանշելով ՀԿ ու շահերի պաշտպանության ոլորտի իր փորձը և համեմատականներ անցկացնելով ներառական դպրոցների ու  մանկապարտեզների միջև,  սոցապփոխնախարարը  նկատում է՝ մանկապարտեզներ բացելու հարցում նախաձեռնողը մշտապես ՀԿ-ներն են: համընդհանուր ներառականության ճանապարհին՝ պետությունը դեռևս չունի հստակ քաղաքականություն՝ նախնական կրթության մասով: 
Հանրության շրջանում կարծրատիպային վերաբերմունքի մասին  իր մտահոգությունն էր հայտնել նաև Մարդու իրավունքների խաշտպանը՝ ՀՀ կողմից Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ 2018-ի իր արտահերթ զեկույցում, ուր  մասնավորապես նշված է՝ «Համընդհանուր ներառականության անցումը նոր է սկսվել և դեռևս վաղ է գնահատականներ տալը, բայց առկա են որոշակի մտահոգություններ։ Մասնավորապես, հանրակրթական դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են առանձնացվել մյուս երեխաներից։ Բազմաթիվ դպրոցներում երեխաներին պիտակավորում են «ներառական երեխաներ» արտահայտությամբ:
Զեկույցում նաև մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն են՝ մասնավորապես մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաներին ուսումնական հաստատությունների շենքերն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև կարևորել նախադպրոցական կրթության ոլորտում ներառական կրթության ապահովումը՝ հաշվի առնելով վաղ մանկության կրթության արդյունավետությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *