Վանաձորի տարեցների տան բնակիչների մեծ մասը մենության ու սոցիալական վատ վիճակի պատճառով են այստեղ: Խնամքի հաստատությունների առումով մեծ խնդիր է նաև մեր երկրում հոսպիս ծառայության բացակայությունը: Շատերն են դիմում տարեցների տուն՝ ծնողների խնամքի խնդրով՝ ևաև վճարելու պատրաստակամություն հայտնելով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանի խոսքով՝ տարեցների տուն տեղափոխվող բոլոր տարեցներին տեղեկացնում են, որ իրենց զավակներից կարող են ալիմենտ վճարել, բայց հայկական մտածելակերպի խնդիր է, որի պատճառով էլ չաշխատող մեխանիզմ է՝ դեպի ծերանոցներ տարեցների մուտքը կանխարգելող: Ստացվում է, որ նախորդ կառավարության հռչակած ոլորտային բարեփոխումները, որոնց շրջանակներում մշակված մեթոդաբանությամբ պիտի արվեր կարիքի համակողմանի գնատահում ու ըստ այդմ փոխվեր դեպի ծերանոցներ ուղեգրման կարգը, այնքան էլ չեն հաջողել: Սոցիալական աշխատողները, որքան էլ որ կարիքի գնահատում անեն, միևնույնն է՝ ծնող-զավակ միջանձնային կոնֆլիկտներն ու ընտանեկան բարդ իրավիճակները, այդ թվում և սոցիալականը, զավակների համար շարունակում են մնալ ծնողներին տարեցների տուն ուղարկելու և այդպիսով նաև նրանց խնամելու պարտավորությունից խուսափելու առիթ:
0 Մեկնաբանություն