ՌԵՖՈՐՄացիա

Զբաղվածության ապահովման ծրագրերում ներառվելու կարևոր պայմանը աշխատանք փնտրողի մոտիվացիան է:

Լիլիթ Անդրիասյանի հետ մեր ծանոթությունն ամիսներ առաջ էր: Այն ժամանակ ավարտական քննություններին էր պատրաստվում: Այժմ սպասում է դիպլոմին և զուհագեռ աշխատանք փնտրում: Վանաձորի պետհամալսարանի «Սոցիալական աշխատանք» բաժինն է ավարտել: Լսել է զբաղվածության ծրագրերի մասին: Որպես առաջին քայլ պատրաստվում է այցելել Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոն: Կարծում է, որ սոցիալական աշխատող մասնագիտության պահանջարկն այսօր շատ է: Չթերագնահատելով զբաղվածության կենտրոնների դերը՝ Լիլիթն ասում է, որ սոցիալական ցանցերում, թափուր աշխատատեղերի կայքերում ու աշխատանքի տեղավորման գործակալություններում աշխատանք փնտրելը ևս տարբերակ է : Աշխատաշուկայում անմրցունակ համարվող խմբի մեջ են նաև երիտասարդները` ելնելով աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործելու հանգամանքից: Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի խոսքով հիմնական խնդիրը, որին այսօր բախվում են երիտասարդների ճնշող մեծամասնությունը՝ աշխատանքային փորձի պակասն է, ինչի պատճառով բազմաթիվ որակյալ երիտասարդ կադրեր դուրս են մնում աշխատաշուկայից և ինչը, սակայն, պարտադիր պայման է գործատուներից շատերի համար: Ցավոք, թեմայի շուրջ զրուցելու մեր փորձերին գործատուներից շատերն այդպես էլ չարձագանքեցին՝ չկարևորելով այն: Խնդիրը որոշակի մեղմելու համար իրականացվում է գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի ծրագիրը: Վանաձորի ԶՏԿ-ում 2018-ի հունիսի 1-ի դրությամբ հաշվառված են 4000-ից ավելի քաղաքացիներ: Տարիքային առումով գործազուրկների վերլուծությունը բավական ուշագրավ է: Եթե, օրինակ, 35-44 տարիքայինների խմբում նկատվում է աշխատանք փնտրողների 4 % աճ, երիտասարդների շրջանում, հակառակը՝ թվական տվյալները մեջբերելով՝ ասում է Արա Առաքելյանը: Զբաղվածության ոլորտն ու աշխատանք փնտրելու մարդկանց մեթոդները մասնագիտությամբ բիզնես-խորհրդատու Վլադիմիր Սահակյանին էլ է հետաքրքրել: Ասում է, որ հատկապես մարզերում գործատուների մոտ դեռևս գերիշխող է խնամի-ծանոթ-բարեկամ բարդույթը: Շուրջ 4 տարի պրպտելով՝ որոշել է օգնել աշխատանք ու աշխատակից փնտրողներին և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացել «Լավագույն գործատուներ» խումբը, որն այսօր 9000-ից ավելի անդամներ ունի: Վլադիմիրն ասում է, որ շուրջ 60 մարդ աշխատանք է գտել խմբի միջոցով, թեև իրական թիվը շատ ավելին է: Զբաղվածության ոլորտում տարվող պետական քաղաքականությունից խոսելով, Վլադիմիրը հիշում է՝ նախկինում կար գործազուրկի նպաստ հասկացությունը՝ 18000 դրամ, որը պետությունը վճարում էր աշխատանք կորցրած քաղաքացուն: Դա ինչ որ տեղ քաղաքացուն դարձնում էր իրավիճակի պասիվ կրողը: Զբաղվածության ապահովման նոր ծրագրերը, նրա կարծիքով քաղաքացիների մեջ նախաձեռնողականություն հանդես բերելուն են ուղղված՝ լինի գործատու, թե աշխատանք փնտրող Որպես կանոն՝ նոր գործատուները խուսափում են ԶԿ-ների հետ շփումից և թափուր աշխատատեղերի մասին ԶԿ-ին տեղեկացնելուց, փորձելով դրանք համալրել ծանոթ բարեկամ շրջանակի միջոցով,-ասում է Արա Առաքելյանը: Գործատուներ էլ կան, գերադասում են հեռու մնալ նոր աշխատակից փնտրելու գլխացավանքից և այդ գործը վստահում են զբաղվածության կենտրոնին: Այժմ սպասում են Համալիր Սոցիալական ծառայությունների Վանաձորի կենտրոնի գործարկմանը՝ աշխատանք փնտրողների հետ հանդիպումներն ավելի ակտիվացնելու նպատակով: Զբաղվածության պետական ծրագրերի գնահատում ու մոնիթորինգ վերջին անգամ արվել է 2016 թվականի համար՝ 11 ծրագրերի կտրվածքով: Դրանք նպատակ ունեն բարելավելու ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: Մարզերում ծրագրերի իրականացումը հիմնականում պայմանավորվում է հենց մարզերից ստացված հայտերով,- մեզ հետ հեռախոսազրույցում ասում է ԱՍՀՆ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: 2018-ի համար պետբյուջեից զբաղվածության շուրջ 9000 ծրագրային հայտեր իրականացնելու նպատակով նախատեսված է 1 միլիարդ դրամից ավելի գումար: Սոցիալական բարեփոխումները հասել են նաև զբաղվածության ոլորտ՝ 2 նոր ծրագրերի տեսքով: Զբաղվածության կենտրոններին ու, ընդհանրապես, ոլորտն ակտիվացնելու, զբաղվածության ապահովման ծրագրերի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու և աշխատանք փնտրողներին ակտիվացնելու նպատակով Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքում գործում է նաև «Թափուր աշխատատեղեր» բաժինը: Այստեղ քաղաքացին կարող է ծանոթանալ իր բնակավայրում կամ այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի ցանկին, այցելել զբաղվածության կենտրոն՝ տեղեկություններ հավաքելու թե՛ աշխատատեղի, թե՛ գործատուի, և թե հնարավոր որևէ ծրագրի վերաբերյալ, որով կարող է աշխատանքի տեղավորվել: Թե որքա՞ն է «Թափուր աշխատատեղեր» բաժնի այցելուների թիվը՝ Զբաղվածության պետական գործակալությունից ճշտել մեզ չհաջողվեց՝ տեխնիկական խնդրի առկայության պատճառաբանությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *