ՌԵՖՈՐՄացիա

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքից քվոտայի կասեցումը ոլորտի ոչ խորքային ուսումնասիրության արդյունք էր:

Անուշ Ասլանյանը, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՀԿ է ղեկավարում, չի հիշում որևէ դեպք, երբ հաշմանդամություն ունեցող անձը Վանաձորում քվոտայի շնորհիվ աշխատանք գտած լինի: Այժմ դա արդեն հնարավոր էլ չէ: Քվոտայի կիրարկումն է կասեցվել: Անուշն ասում է, որ ի սկզբանե այն ուղղակի ներառվել էր օրենք՝ իբրև տեղական օրենսդրության համապատասխանեցում ՄԱԿ կոնվենցիային: Հաշմանդամություն ունեցող անձանց՝ որպես աշխատաշուկայում անմրցունակ համարվող խմբի զբաղվածության խնդրի կարգավորման հարցը շատ ավելի սկսեց քննարկվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ կոնվենցիային միանալուց հետո, որը 2010-ին էր: Քննարկումներն ի վերջո բերեցին քվոտաների կիրառմանը, որը պիտի նպաստեր զբաղվածության միջոցով նրանց սոցիալական ներառմանը: Այն ամրագրվեց նաև Զբաղվածության մասին ՀՀ օրենքով: Ըստ այդմ՝ 2016 թվականից՝ բոլոր այն պետական կառույցները, որոնց աշխատողների թիվը գերազանցում էր 100-ը, պարտավորվում էին աշխատատեղերի առնվազն 3 տոկոսը համալրել հաշմանդամություն ունեցող անձանց միջոցով: Մասնավոր հատվածին քվոտավորման պահանջը պիտի վերաբերեր 2017 թվականից՝ 1 տոկոսի պահանջով: Օրենքը նաև որոշակի պատիժ էր սահմանում օրենքի այս դրույթներն անտեսող գործատուների նկատմամբ: Վանաձորում քվոտայի մասին դրույթը չաշխատեց և չի աշխատի,-ասում է զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: Ըստ ԱՍՀՆ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի՝ քվոտաների ներդրումից ի վեր, այդպես էլ հստակ վիճակագրություն չստացվեց՝ թե՞ քանի մարդ կարողացավ աշխատանք գտնել պետական հատվածում: Ելնելով կիրարկման մեխանիզմներում առկա դժվարություններից՝ այն կասեցվեց և մասնավորին չհասավ: Ներկայում Զբաղվածության օրենքի նախագիծը լրամշակման փուլում է: Քվոտաների մասով էլ փոփոխություներ կան: Հաջողությամբ հաղթահարելով կառավարության ու Աժ հավանությունները 2019-ին, արդեն 2020-ին այն կիրարկման մեջ կլինի: Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի քաղաքական ջատագովության համակարգող Վարդինե Գրիգորյանը կարծիք է հայտնում, որ քվոտավորման դրույթը հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքից զբաղվածության մասին օրենք տեղափոխելն այդպես էլ չփոխեց զբաղվածության պատկերը: Օրենքի այդ դրույթը հստակեցման կարիք ուներ: Մինչ քվոտավորումն էլ, քվոտավորման կասեցումից հետո էլ՝ որպես այլընտրանք դիտարկվում են զբաղվածության պետական ծրագրերը: Ըստ ԶՊԳ-յան Զբաղվածության պետական կարգավորմամբ 2018թ.-ին նախատեսված է ծրագրերում ընդգրկել հաշմանդամություն ունեցող շուրջ 880 անձի: Համեմատության համար նշենք, որ եթե ԶՏԿ-ներում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 2015-ից սկսած աճ է գրանցել 2499-ից հասնելով 2.657-ի, ապա ծրագրերում ընդգրկվածների թիվը հակառակը 2015-ի՝ 750-ի փոխարեն՝ 2017-ին ընդամենը՝ 56-ը: Նույնն է պատկերը նաև աշխատանքի տեղավորման առումով՝ 723-ը 2015-ին և 187-ը՝ 2017-ին: ԶՊԳ տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը մեզ հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնում, որ զբաղվածության ծրագրերի իրականացման առումով 2017-ը, թերևս, նպաստավոր չի եղել: Բազմաթիվ ծրագրեր ֆինանսավորման բացակայության պատճառով չեն իրականացվել: 2018թ. հունիսի 1-ի դրությամբ՝ Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2.657 հաշմանդամություն ունեցող անձ: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 74 հաշմանդամություն ունեցող անձ, որից 25-ը՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Վանաձորում էլ 2018-ի պատկերն առայժմ ոգևորիչ չէ: Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված են 4196 աշխատանք փնտրողներ: 2018 հունվար-հունիս ամիսներին աշխատանք են գտել 280-ը, նրանցից 5-ը՝ հաշմանդամություն ունեցող, հաշվառվել 356-ը: Զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանքի են տեղավորվել 35 քաղաքացիներ, որոնցից 1-ը՝ հաշմանդամությամբ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *