Սպորտ

Նախկին զինծառայողին զրկել են հաշմանդամության խմբից, իսկ սոցիալական ներառման մասին չեն մտածում

2 ամիս առաջ, Գարիկ Լալայանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսնելով «Ռեֆորմացիա» հաղորդաշարի հերթական հղումներից, գրել էր  անձնական նամակով: Պարզվեց՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գառնիկ Լալայանին, ում ավելի շատ Գարիկ անունով գիտեն, զրկել են հաշմանդամության 3-րդ խմբից: Եվ՛ հեղափոխությունից առաջ, և՛ հետո՝ քաղաքացին պայքարում է հանուն իր իրավունքների: 

Գարիկի պատմելով՝ 2016-ին Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը  սահմանել է հաշմանդամության 2-րդ խումբ՝ 81.000 դրամ թոշակով: 2017-ին, սակայն, նույն հանձնաժողովի որոշմամբ խումբը 2-րդից իջեցվել է 3-րդի: Ընդ որում՝ ինչպես Գարիկն է ասում՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է 3-րդ խումբ՝ անժամկետ: Ու՞մ չի պարզ, ինչ նկատի ունեն,-ասում է Լալայանը:

Տավուշի մարզի ԲՍՓՀ նախագահ Վահե Մխիթարյանը մեզ հետ հեռախոսազրույցում տարակուսանք  հայտնեց վերոնշյալից և հերքեց՝ քաղաքացուն նման  առաջարկ անելու մասին տեղեկությունը: 

«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ-ը 2016-2017 թվականներին անցկացրել է հետազոտություն ԲՍՓԳ-յան կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ: Ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերի 9 հանժնաժողովներ ու ընդհանուր թվով 450 քաղաքացիներ: Հետազոտության մեջ բավական ուշագրավ տեղեկություններ կան համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին: «Հաշմանդամության կարգ սահմանելու, բարձրացնելու կամ վերականգնելու համար  երբևէ գումար տվե՞լ եք հանձնաժողովի որևէ անդամի» հարցին, հարցվածների 55%-ը փաստել է վճարում կատարելը, ընդ որում՝ նշվել է նաև հանձնաժողովների կողմից գումարի չափը, որ տատանվում է 20․000-250․000 ՀՀ դրամի սահմաններում: Թիվ 1 հիմնավորումը եղել է խմբի պահպանման, բարձրացման կամ խմբից չզրկելու նպատակով:

2018-ին արդեն, Գարիկը բողոքարկել ու  փորձաքննություն է անցել ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում, որը և զրկել է նրան 3-րդ խմբից: 2-րդ խմբից, որոշակի արտոնություններից ու 81.000 դրամ թոշակից զրկված նախկին զինծառայողը փաստացի զրկվել է նաև 59.000 դրամ թոշակից: Հաշմանդամության խմբից զրկվելու մասին տեղեկացել  է պատահաբար՝ Բերդի սոցապում:

Հաշմանդամության պատճառով աշխատանքից զրկված Գարիկն ասում է, որ  ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով ստիպված է եղել վարկեր վերցնել: Վարկերն աճել են ձնագնդի նման, դրանց գումարվել նաև տուգանքները՝ հասնելով շուրջ 2 միլիոն դրամի, որ մինչ  օրս չի հաջողվում մարել: Նախկինում՝ թոշակով կարողանում էր որոշակի վճարումներ կատարել: Այժմ դրանցի էլ է զրկվել: Դուրս է մնացել նաև հաշմանդամություն ունեցող զինվորների կենսապայմանների բարելավման ծրագրից: Պետությունն չի աջակցել անգամ  ատամնաշարի վերականգնման հարցում, որ ևս վնասվել է ականի պայթյունի հետևանքով։ Աշխատանք Լալայանին չի առաջարկվել՝ անգամ ՊՆ համակարգում: Արդյո՞ք  կազմվել է Վերականգողական անհատական ծրագիր/ ՎԱԾ/ Գարիկ Լալայանի համա՞ր, որտեղ  պիտի լինեին համապատասխան նշումներ հաշմանդամություն ունեցողի աշխատանքի պայմանների ու բնույթի մասին, ինչպես նաև անհատական բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների,-հարցնում ենք Վահե Մխիթարյանին: Վերջինս ոչ միայն վրդովվում է հարցից, այլև այդպես էլ չի հստակեցնում՝ ի վերջո ո՞վ է պատասխանատու իր իսկ խոսքով մասնագիտական ՎԱԾ կոչվածի համար:  

Լալայանից ճշտեցինք՝ ՎԱԾ չունի, ԲՍՓՀ որոշումների մեջ էլ և՛ 2016-ին, և՛ 2017-ին նույնաբովանդակ գրառումներն են՝ «կարող է զբաղվել աշխատանքային գործունեությամբ՝ աշխատաժամանակի նվազ պայմաններով»: Ունի՞ արդյոք հանձնաժողովը համապատասխան որակավորված մասնագետ, Գարիկ Լալայանի պահպանված աշխատունակությունը գնահատելու և դրա հիման վրա՝ քաղաքացուն որևէ զբաղվածության առաջարկելու համար,- հարցնում ենք Վահե Մխիթարյանին:

ԲՍՓ գործակալության էրգոթերապիստ Մարիաննա Հարությունյանն ասում է, որ քանի դեռ մարզային ԲՍՓՀ_ներն ու ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը չունեն անձի պահպանված աշխատունակությունը գնահատող մասնագետ էրգոթերապիստներ, դժգոհություններ կլինեն:  Որպես ժամանակավոր լուծում՝ որոշակի գործառույթներ վերապահվել են  զբաղվածության տարածքային կենտրոններին, որոնց հետ համագործակցությամբ էլ գործակալության էրգոթերապիստները կատարում են աշխատանքային կարողությունների գնահատում, որի միջոցով հնարավոր է զբաղվածություն առաջարկել հաշմանդամություն չունեցող անձանց:

Նոր կառավարության հետ Գարիկը մեծ հույսեր էր կապում: Բայց, իր իսկ խոսքով, ամենուր նախկին  գործելաոճն է: Գնալով, եղած  ոգևորությունն էլ է մարում, անգամ արտագաղթելու ցանկություն է առաջանում,-ասում է հուսահատ հետախույզը: Առողջությունը երկրի պաշտպանությանը նվիրած քաղաքացին ոտնահարված իրավունքները վերականգնելու նպատակով գրավոր նամակներով դիմել է Պաշտպանության,Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, կառավարությանն ու ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Վերջինից ստացել է պատասխան առ այն, որ խնդիրը ՊՆ տիրույթում է: Նամակը նամակի հետևից գրել է, այնինչ մի գերատեսչությունից մեկին վերահասցեագրվող նամակները ճանապարհին կորչում են ու երկար սպասեցնել տալիս: Պաշտոնյաների հետ ունեցել է նաև ֆեյսբուքյան նամակագրություն: Խոստացել են արձագանքել, բայց ապարդյուն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հանձնաժողովի եզրակացությամբ՝ Լալայանի վիճակում արձանագրված բարելավումը հաշմանդամության խումբ սահմանելու հիմքեր չի տալիս: Դարձյալ ուղղորդեց դեպի տարածքային զբաղվածության կենտրոն:

Դիտարկմանը՝ արդյո՞ք Գարիկ Լալայանին առաջարկվել է սոցիալական դեպք վարողի կամ սոցիալական աշխատողի  մասնագիտական ծառայությունը՝ խնդրին ավելի համակողմանի ծանոթանալու և քաղաքացուն համապատասխան կառույցներ ուղղորդելու նպատակով, Աննա Հակոբյանն ասաց՝ արձագանքնել են միայն նամակում նշված խնդրին՝ այն է հաշմանդամության խմբի վերականգնում:

«Լիարժեք  կյանք» ներառական հասարակության խթանման  ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանի խոսքով՝ վերջին շրջանում  հատկապես՝ կապված հաշմանդամության սահմանման չափորոշիչների փոփոխման հետ, շատ են դժգոհությունները ԲՍՓՀ-ներից: Սուրեն Մաղաքյանն ասում է, որ ոլորտում փոփոխություն կարելի է  ակնկալել Առողջապահության Համ,աշխարհային կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման համակարգի ներդրման  պարագայում: 

Մեր խորհրդով Գառնիկ Լալայանը դիմել է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Օգնել են նամակներ կազմելու և ուղարկելու հարցում: Գարիկի խնդրին նաև լրատվամիջոցներն են արձագանքել, բայց որևէ դրական տեղաշարժ չկա: Իբրև վերջին հույս՝ նաև վարչապետ Փաշինյանին է նամակ  ուղարկել: Սպասում է պատասխանի: Իրավունքները վերականգնելու հարցում վճռական է: «Կորցնելու բան չունեմ»,- ասում է:  Եթե վարչապետի պատասխանը չբավարարի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  աջակցությամբ պատրաստվում է դատական կարգով տեր կանգնել իր իրավունքներին: Տեսանյութն արդեն պատրաստ էր, երբ Գարիկ Լալայանից տեղեկացանք, որ նամակներին արձագանքել են ՀՀ ՊՆ_ից: Ֆինանսական օգնություն հատկացնել չեն կարող: Նախարարությունը Լալայանին մերժել է նաև պայմանագրային զինծառայության վերականգնվելու հարցում՝ քանի որ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Լալայանը ճանաչվել է ոչ պիտանի՝ խաղաղ պայմաններում զինծառայության համար:         

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *