150 բնակիչ ունեցող Վարդահովիտ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում:
Գյուղացիների մի մասի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, մի մասն էլ աշխատում է Արփա-Սևան ջրատարի վրա կառուցված ՀԷԿ-երում:
Գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկն էլ տրանսպորտի հարցն է:
Վարդահովիտի բնակչուհի Լյուդմիլա Ենոքյանը նշում է, որ չի հիշում` երբ է վերջին անգամ հասարակական տրանսպորտ եղել գյուղում. բոլորն իրենց անձնական մեքենաներով են գնում-գալիս:
Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական ղեկավարի խոսքով, հասարակական տրանսպորտ չլինելու պատճառը ճանապարհների անմխիթար վիճակն է: Նշում է, որ բազմիցս բարձրաձայնել է այս հարցը մարզպետարանում, դիմել է համայնքի ղեկավարին, բայց հարցը չի լուծվում:
Վարդահովիտ գյուղում մեկ խանութ է գործում. գյուղացիներից մեկը մասնավոր միջոցներով բնակարանի մի մասը հատկացրել է խանութի համար: Գյուղի բնակչուհի Միխայելով Լեյլիի խոսքով, խանութում միայն օղի ու ծխախոտ են վաճառում, և գները բավականին թանկ են:
Վարդահովիտում մեծ խնդիր է դարձել ջեռուցումը, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Վարչական ղեկավարը նշում է, որ անտառտնտեսությունը կտրոն է տրամադրում փայտ բերելու համար, բայց միայն թափոնները, ծառ կտրել թույլ չեն տալիս: Գյուղացիները նշում են, որ նաև աթար են վառում:
Գյուղում մանկապարտեզ չկա, դպրոցում տասը աշակերտ է սովորում:
Վարդահովիտ գյուղի բուժմիավորման կենտրոնի բուժքույր Նազիկ Կարապետյանն էլ բողոքում է աշխատավայրի կենցաղային վատ պայմաններից: Բուժքույրը նշում է, որ արդեն ութ տարի է` բուժկետի հոսանքի վարձը իր գրպանից է վճարում:
Վայոց ձորի մարզպետարանի Առողջապահության և սոցապահովման վարչության պետ Վասիլ Ասլանյանը հերքեց բուժքրոջ ասածը, նշելով, որ կան բուժկետեր, որոնց հոսանքի վարձը վճարում է համայնքապետարանը, կան բուժկետեր, որ վճարում է մարզպետարանը: Ունեն անհրաժեշտ փաստաթղթերը, և այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Գյուղացիների խոսքով, գյուղը ծերանում է. երիտասարդները գնում են :
Չնայած ներկայիս խնդիրներին, ժամանակին գյուղում բավականին շատ մարդ է բնակվել. հայերը, ռուսները և ադրբեջանցիները հաշտ ու համերաշխ միասին ապրել են գյուղում:
86-ամյա Ամալյա Ագաջանյանը 1990 թվականին է եկել Ադրբեջանից: Նշում է, որ Վարդահովիտում կային ադրբեցանցիներ, որ քրոջ նման էին, հյուրասեր ու ընկերական:
Սովետական շրջանում գյուղում գործել է հացի փուռ, հիվադանոց է եղել, սակայն այժմ այն ամայի տարածության է նմանվել :
Վարդահովիտ գյուղին առաձնակի շունչ ու երանգ է հաղորդում բնությունը, որն էլ գրավում է զբոսաշրջիկներին:
Չնայած դժվարություններին ու խնդիրներին, գյուղացիները մեծ սիրով ու ոգևորությամբ են խոսում գյուղի մասին, վստահ են, որ գյուղը զարգանալու է՝ ստվերում թողնելով բոլոր խնդիրները:
ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՍԿԱՐՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում:
0 Մեկնաբանություն