Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Դաշտերը չորանում են, ոռոգման պոմպակայանը Դեբետը քշել, տարել է. Սամվել Սիրադեղյան

Սամվել Սիրադեղյանը ֆերմերային տնտեսություն ունի, զբաղվում է նաև բնապահպանական խնդիրներով: Երկար տարիներ դատական ատյաններում վիճարկում է իրեն և  համագյուղացեիներին Նահատակի պոչամբարի, Ալավեդու և Թեղուտի գործարանների պատճառած վնասները, փորձում է հասնել արդարության և տարածքի բնապահպանական առողջ միջավայրի վերականգնմանը: Խնդիրներին ավելացել է ևս մեկը՝ ոռոգման խողովակաշարի պոմպակայանը Դեբետը քշել, տարել է, իսկ դաշտերը չորանում են ոռոգման ջրի բացակայության պատճառով:

Ցուցադրում է ծաղկած և արդեն փոշոտված այգին և հույս հայտնում, որ այս տարի լավ բերք կստանա, քանի որ տնամերձը ոռոգում է դույլերով ջուր կրելով:

Ջրհեղեղի պատճառած վնասը գյուղատնտեսությանը

-Հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղը հանգեցրեց Դեբետ գետի վարարմանը, որն էլ մեծ ավերածություններ պառճառեց՝ ճանապարհներ, երկաթգիծ, տներ, մի խոսքով, նյութական մեծ վնասներ կրեցինք: Ամենամեծ վնասը, որ հիմա առկա է, արդեն մեկ ամսից ավելի է ոռոգման ջուր չունենք: Պոմպկայանի խողովակաշարը ջուրը քշել տարել է: Այն  անցնում էր Դեբետ գետի վրայով, որը Դեբետ գետից ջուրը մղում էր դեպի մեր դաշտերը: Մեր ապրուստի միջոցը հենց այդ ոռոգման ջուրն էր: Մինչ օրս այդ խողովակը չի վերկանգնվել, չգիտեմ՝ զբաղվում են, չեն զբաղվում, բայց 1000 հա մեր գյուղի հողատարածքները զրկված են ոռոգման ջրից: Սա աննախադեպ երևույթ է, ես կասեի՝ արհավիրք է, եթե մեր դաշտերը չջրվեն ամառվա ամիսներին՝ մեր բերքը կզրոյացվի: Տեսեք, ծառերի վրայի պտուղները կիսահաս վիճակում արդեն թափվում են: 100 հեկտարին մոտ եգիպտացորենի ցանքսեր ունենք, որ ջրի կարիք ունեն ու չեն ջրվում: Ես 15 հա ծխախոտի դաշտ ունեմ, ապրիլ ամսից սածիլումը, քաղհանը, փխրեցումը և մշակությունն արել ենք և հիմա բույսը պատրաստ է աճելուն, բայց ջրի խնդիր կա: Իսկ բույսերն առանց ջրի չեն դիմանա ու կմահանան: Մեր բերքը, մեր աշխատանքը կորչում է:

Կառավարության վերաբերմունքը խնդրին

Վարչապետը ջրհեղեղից հետո եկավ, եղավ նաև մեր Ճոճկանում, բնակիչների հետ հանդիպմանը հարցը գյուղացիները բարձրացրել են, բայց խնդիրը չի լուծվել: Ես չեմ հասականում՝ ինչքա՞ն դժվարր է մի պոմպակայան կառուցելը, ընդամենը 20 մ խողովակի հարց է, որը գետի վրայով պետք է անցկացնեն, որպեսզի ջուրը հասնի Ճոճկան: Չգիտեմ՝ միտումնավո՞ր չեն սարքում, բնակիչներն անձամբ են խնդրել վարչապետին, որպեսզի այդ հարցը լուծի, մեր ամբողջ բերքը վտանգի տակ է: Մեծ դժգոհություններ, դժվարություններ կան դաշտերում, մարդիկ հիասթափվել են, ես ինքս չեմ ուզում գնալ դաշտ՝ աշխատանքս տեսնելու:

Կառավարության նիստում որոշում է կայացվել, որ օգնեն տուժած բնակիչներին: Ի՞նչ օգության մասին է խոսքը: Ասենք, տունը հեղեղով լցվել է՝ գույքը հատուցում են, իսկ մեր հատուցումն ո՞վ պիտի տա: Մենակ իմ 15 հա ծխախոտից ես մի հեկտարից պիտի ստանայի 20-25 տ, իսկ այս չորային պայմաններում երևի 5 տ էլ չստանամ, դա էլ անձրևների շնորհիվ, որ այս տարի տեղումնառատ է և բույսի գոյությունը ինչ-որ չափով կպաշտպանի:

Տված օգնությունները շատ չնչին են, փշրանքներ են, դա աչքակապություն է ուղղակի, յուրաքանչյուրին՝ 40-60 հազար դրամ: Ես չգիտեմ՝ դա ի՞նչ գումար է, իմ մեկ անգամ ջրելով, մեկ օրվա մեջ ես ջրի վարձ վճարում եմ 60 հազար դրամ: Թող այդ գումարը չտան, բայց ջուր տան ինձ: Չէ՞ որ գալիք տարվա բերքն այս տարի է հիմնադրվում: Այս տարվա բերքից մենք այլևս հույս չունենք, գալիք տարվա բերքն էլ չի լինի, ծառը կչորանա:

Չլուծվող հիմնախնդիրը Ճոճկանում

Բնապահպանական ամենամեծ խնդիրն հանքերի սխալ, ոչ ճիշտ շահագործումն է: Նահատակի պոչամբարը գտնվում է մեր վարչական տարածքում, Ճոճկանից ընդամենը 500 մ է հեռավորությունը, իսկ Այրում գյուղի բնակելի տներից՝ 20-30 մետրի վրա է ընդամնեը: Գիշեր-ցերեկ այս պոչամբարները լցվում են, այնինչ պիտի դեռ 2018 թ. ռեկուլտիվացվեր, հետո երկարաձգեցին մինչև 20 թիվը, հետո՝ 23 թվին պիտի պոչամբարն արդեն փակված լիներ, բայց մինչ օրս պոչանքները լցվում են, իսկ ծանր մետաղները անցնում են մարդկանց, կենդանիների, բույսերի օրգանիզմ և բազմաթիվ հիվանդություններ են առաջանում: Եվրոպական ընկերությունները լաբորատոր քննություն են իրականացրել և պարզել, որ ծանր մետաղների քանակը մարդկանց և կենդանիների օրգանիզմներում մի քանի հարյուր անգամ գերազանցում են թույլատրելի նորմաները…

 Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *