Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՎԱՍՏԱԿԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻ. ԳԱՐԳԱՌ

Եթե Քալաշյան ես,  պարտավոր ես մեղուներից չվախենալ, տիրապետել գործի նրբություններին և կարողանալ քամել անարատ մեղր,- ասում է ընտանիքի պապական գործի  նեղ մասնագետ՝ Անդրանիկ Քալաշյանը, ով հորից ժառանգած մեղվաընտանիքների թիվը կրկնապատկել, հասցրել է  70-ի:   

Գարգառցի Քալաշյանները զբաղվում են մեղվապահությամբ,  նրանք  հայտնի մեղվաբույծներ են Լոռու մարզում:    Ամռան ամիսներին ողջ ընտանիքը ներգրավվում է մեղվաբուծության աշխատանքներում, նրանցից յուրաքանչյուրն պատասխանատվությամբ է մոտենում գործին, հատկապես Անդրանիկի 19-ամյա  որդին` Սամվելը: Բերքը ստանում են, իրացնում տեղում ու մտածում մեծ ծավալի արտահանումների մասին: Նոր փեթակների, շրջանակների ձեռքբերման դեպքում բերքի ծավալները կմեծացնեն և կմտածեն արտահանման մասին:

Գյուղում ապրելու համար պետք է զբաղվել մի քանի գործով,  այդպես էլ անում են Գարգառում: Երիտասարդները զբաղվում են հողագործությամբ, անսանապահությամբ,  այգեգործությամբ.  քչերն են մեկնում արտագնա աշխատանքի, իսկ  ներքին միգրացիայի դիմում են կամ  կրթությունը շարունակելու համար, կամ էլ  ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու ակնկալիքով:  

Գյուղում ապրելը հեշտ չէ, միայն մեղր քամելով   ընտանիքի կարիքները չես լուծի, Քալաշյանները ևս տարբեր աշխատանքներ են կատարում, ձեռք են բերել կիսով չափ անսարք  խորհրդային միության  3 գյուղտեխնիկա,  նորոգել և այժմ շահագործում են դաշտային աշխատանքներում:

Մեծաքանակ վարուցանքի համար հնարավորություններ չկան, սեփական միջոցներն էլ չեն բավականացնում խնդիրները լուծելու համար:

19-ամյա Սամվել Քալաշյանը Գյառգյառի ակտիվ երիտասարդներից է , գրեթե  միշտ զբաղված է, սովորում  է, միաժամանակ աշխատում, մասնակցում  մեղրաքամին, մեղուների ձմեռացմանը: Որոշել է ծնողների հետ միասին  զարգացնել ընտանեկան բիզնեսը: Սամվելն ակտիվորեն աշխատում է հասարակական կազմակերպությունների հետ, մասնակցում տարբեր  դասընթացների,  նպաստում համայնքային մի շարք ծրագրերի իրականացմանը:

Վերջին տարիներին համայնքում տեսանելի զարգացել է գյուղական տուրիզմը, որը պայմանավորված է նաև  ոչ ավանդական մշակաբույսերի մշակմամբ, նկատում  է Գարգառ համայնքի նախկին վարչական ղեկավար Կարեն Զալինյանը:

Համայնքում երիտասարդների համար փորձում են ստեղծել  լրացուցիչ  աշխատատեղեր,  այս տարվանից կմեկնարկեն համայնքում  փոքր կոտեջային ավանի շինաշխատանքները:  Բարձր վարձատրվող աշխատատեղեր համայնքում քիչ կան: Աշխատանքները հիմնականում սեզոնային են, որից վաստակած եկամուտը չի բավականացնում ամբողջ տարվան:

Շնորհիվ ակտիվ և նախաձեռնող երիտասարդների՝ Գյառգյառը համարվում  է ոչ ավանդական մշակաբույսերով  հարուստ տարածաշրջան, որտեղ  զարգացած է հյուրատնային բիզնեսն ու էկոտուրիզմը: 

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *