ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ հիշեցրել է, որ հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Աշոտյանը նաև ասել է, որ Եվրամիությունը թավշյա հեղափոխությունից հետո պատրաստակամություն է հայտնել Հայաստանին հատկացվող գումարները մինչև 25 տոկոս ավելացնելու մասին: «Ստացվում է, որ ՀՀ-ում իշխանափոխության հավելյալաջակցության կապիտալիզացիան տարեկան ընդամենը 13 մլն եվրո է: Կարծում եմ՝ ձեր ջանքերը պետք է ավելի թանկ գնահատեք»,- հեգնել է Աշոտյանը:
Ի պատասխան՝ վարչապետը հույս է հայտնել, որ ԵՄ երկրները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա Նիկոլ Փաշինյանի պատասխանն առավել քան ուշագրավ է եղել.«Ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է դրսի ձեռքին նայենք: Կարծում ենք՝ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, որոնց մի զգալի մասը ստվերում է, գուցե նաև՝ օֆշորային գոտիներում»:
ՀՀԿ փոխնախագահի և գործող վարչապետի երեկվա երկխոսությունը խիստ ուշագրավ է և բացահայտում է Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների արժեհամակարգային տարբերությունները, բովանդակային հարթության վրա նրանց պատկերացումների կոնտրաստը եվրաինտեգրման վերաբերյալ:
Նախորդ իշխանության պարագայում եվրաինտեգրումը կրում էր բացառապես ֆորմալ բնույթ: Ճիշտ է` Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը ստորագրվեց Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին և այդ գործընթացում իրապես մեծ էր Սերժ Սարգսյանի անձնական ներդրումը, սակայն հենց այդ հանգամանքն էլ ռիսկեր էր ծնում Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին: Գործընթացի հայաստանյան միակ սուբյեկտը ոչ հասարակությունն էր, ոչ էլ նույնիսկ իշխանությունը, այլ բացառապես Սերժ Սարգսյանը, որի համար եվրաինտեգրումը, այսպես կոչված, մակերեսային բնույթ ուներ և սահմանափակվում էր մասնավոր երկու խնդրով: Հայաստանի նախկին նախագահը, մեծ հաշվով, Բրյուսելից ակնկալում էր իր իշխանության կամ քաղաքական ծրագրերի լեգիտիմության ճանաչում և փող: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այս մասնավոր ձգտումները որևէ կապ չունեին Հայաստանի եվրաինտեգրման, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ և ընդամենը լուծում էին քրեաօլիգարխիկ համակարգի կենսունակության ապահովման խնդիրը: Գլոբալ հարթության վրա ցանկացած բարեփոխում դատապարտված է, եթե հիմքում չունի հասարակության սուբյեկտությունը:
Այս համատեքստում թավշյա հեղափոխությունն էական, անգնահատելի ներդրում էր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իրագործման ճանապարհին, որովհետև մեր հասարակությունն իրապես դարձավ երկրի արդիականացման, մրցունակ պետության կառուցման մոդելի գլխավոր պահանջատերը: Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացը երկիրը դրեց եվրաինտեգրման ճանապարհի վրա` բովանդակային հարթության վրա: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանը` հեղափոխության առաջնորդի կարգավիճակով, ապա կարճատև վարչապետությամբ ավելին է արել Հայաստանի եվրաինտեգրման համար, քան Սերժ Սարգսյանի իշխանությունը` իր պերճախոս ելույթներով և կարգախոսային խոստումներով:
Սակայն շատ ավելի էական են նախկին և գործող իշխանությունների արժեհամակարգային տարբերությունները: Սերժ Սարգսյանի շրջապատի համար եվրաինտեգրումը չափելի է ոչ թե բարեփոխումների և արժեքների, այլ ստացվող գումարների հարթության վրա: Պատահական չէ, որ երեկ Արմեն Աշոտյանը Հայաստանի եվրաինտեգրումն ու թավշյա հեղափոխության կապիտալիզացիան պայմանավորում էր բացառապես ֆինանսական ցուցանիշներով: Սա լավագույնս բացահայտում է, որ Հայաստանի նախկին իշխանությանը Բրյուսելից անհրաժեշտ էին միայն փողեր, ինչը կասկածի տակ էր դնում բարեփոխումներ իրականացնելու նրանց անկեղծությունը:
Միանգամայն այլ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության առանցքը: Գործող վարչապետը համարում է, որ Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտը ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումն է, որոնց մեծ մասը օլիգարխիայի կողմից գրպանված է` ապահովելով գերշահույթներ նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչների կողմից: Փաշինյանն իր քաղաքականությունը կառուցում է այն ելակետից, որ Հայաստանի եվրաինտեգրման ազդակը ոչ թե Բրյուսելի խոստացած գումարներն են, այլ ներքին ռեֆորմները:
Այս համատեքստում Հայաստանը Եվրամիության հետ կնքված համաձայնագրի կատարմանը պատրաստ է ոչ թե հունիսի 1-ից, երբ այն կմտնի ուժի մեջ, այլ առնվազն մայիսի 8-ից, երբ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ֆորմալացվեց Հայաստանի սուբյեկտությունը: Ինչ-որ իմաստով Հայաստանի հասարակությունը կատարել է իր մեծ ներդրումը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կատարման ճանապարհին` պարտքի տակ թողնելով Բրյուսելին:
0 Մեկնաբանություն