Օկտավա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՐՎԵՑ ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊԸ

   Օրերս ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ Բրյանցեվի անվան միջազգային հեղինակավոր փառատոնը, որին մեր երկիրը ներկայացավ Հայաստանի թատերական գործիչների միության, 53-ամյա պատմություն ունեցող Վանաձորի թատերական ստուդիան,  բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Լ. Շանթի անվան մրցանակի դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի ղեկավարությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Շելգունովը հայտնեց, որ փառատոնին մասնակցելու համար 250 ներկայացումներից ընտրվել է 20 լավագույնը, այդ թվում՝ Հայաստանինը: Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը նոր մոտեցմամբ բեմականացրել ու բեմադրել էր Էլֆիք Զոհրաբյանը, որը նաև Հովհ. Աբելյանի անվան թատրոնի առաջատար դերասաններից է: Թատերական հայտնի քննադատ, «Ոսկե դիմակ» հեղինակավոր մրցանակաբաշխության ժյուրիի երբեմնի անդամներից Ալեքսեյ Պասուեվը, որը նաև այս փառատոնի անդամ էր, մասնավորապես նշեց. ««Թագավորի նոր զգեստը» ներկայացումը այս հայ ստուդիականների կատարմամբ շատ վառ, պարադոքսալ, անսպասելի, լի էմոցիոնալ հագեցվածությամբ էր։ Դիտելիս չէինք  կռահում, թե ինչ է լինելու, կամ հաջորդ վայրկյանին ինչ է անելու այս կամ այն կերպարը, ինչպես նա կկատակի կամ ինչ կասի։ Շատ կենդանի, թատերային, իմպրովիզացիոն դերասանական համախումբ էր, իսկ ներկայացումը ինքնատիպ էր, զգացմունքային առումով հագեցած և կարծես սպասում էր էմոցիոնալ փախադարձության։ ։ Իրոք, շատ կարևոր պահ է, որ տեսնում ենք հայտնի սյուժեն բավականին անսպասելի, պարադոքսալ, գրավիչ մեկնաբանությամբ։ Հենց դրա համար էլ տեղի են ունենում միջազգային փառատոններ, որպեսզի նայենք այն դիտակետից, որը նման չէ քո սեփականին և այսպիսով ընդարձակել  մտահորիզոնդ, ընկալումներդ այս կամ այն հեղինակի գործի մասին»:

               Վանաձորցի ստուդիականների ներկայացումն պարգևատրվեց հատուկ դիպլոմով և նվերներով, մասնագիտորեն գնահատվեց Է. Զոհրաբյանի բեմականացման նորովի մեկնաբանությունը: Ստուդիականները մասնակցեցին նաև վարպետաց դասերի, տեղի ունեցան կլոր սեղան-մասնագիտական քննարկումներ, կազմակերպվեց էքսկուրսիա Ս. Պետերբուրգի տեսարժան վայրերում, նրանք եղան Էրմիտաժում, ինչպես նաև դիտեցին Կարամզինի «Աղքատ Լիզա» դասական պիեսի մյուզիքլը պատանի հանդիսատեսի թատրոնում: ՀԹԳՄ այս ստուդիան, որ եզակի է Հայաստանում որպես մարզային բաժանմունքին կից, ստացավ տարբեր հրավերներ: Ռուս հանդիսատեսն անգամ հայտնեց, որ կարիք չկար համաժամանակյա թարգմանության, որովհետև ամեն ինչ այնքան հասկանալի էր ու համամարդկային: Ներկայացման մեջ կար նաև քաղաքական նուրբ ենթատեքստ. «Երկիրը միշտ պետք է ղեկավարի առողջ մտածելակերպով մարդը, որը մտածում է ոչ թե ես-ի, այլ մենք-ի մասին…»: Այս թատերական ստուդիան, որ հիմնադրել է ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, տվել է բազմաթիվ անվանի անուններ և կատարել է գրեթե թատերական բուհի դեր Լոռու մշակութային կյանքում, մինչև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ստեղծումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *