ԱՐՑԱԽ

Այս դժվարությունն էլ կհաղթահարեմ. Մելինե Արզումանյան

    Այս դժվարությունն էլ կհաղթահարեմ.

Մելինե Արզումանյան

«Լավատեսությամբ շարժվենք առաջ», այս կարգախոսով առաջնորդվում է Մելինե Արզումանյանը։

Մելինեն Թումանյան համայնքի Մարց գյուղից է, սովորել է Մարցի միջնակարգ դպրոցում։

-Դպրոցական տարիքից եմ հիշում ինձ, չարաճճի դասարան ունեինք, անընդհատ չարություններ էինք անում, աշխույժ ու ճարպիկ երեխա եմ եղել,- պատմում է Մելինեն։

Յոթ տարեկանում ստանում է առաջին ծանր հարվածը, կորցնում է մորը և ավագ քրոջ հետ մնում հոր ու հորաքրոջ խնամակալության տակ։

Ասում է՝ եթե մեծ տարիքում կորցնեի մորս, հնարավոր է ավելի ցավոտ լիներ, այն ժամանակ փոքր էի, չեմ հասկացել կորցրածիս գինը ևփոքր լինելը օգնեց ինձ չդառնալ ինքնամփոփ և առաջ շարժվել։Այսքանով դժվարությունները չավարտվեցին:

Մելինեն քսան տարեկանում կյանքից ստացավ երկրորդ հարվածը։

«Նոր տարի էր, ուշագնաց եղա, ինձ տարան մեր գյուղի բուժքույր Գայանեի մոտ։ Ճնշումս  չափելով հասկացավ, որ սրտի խնդիր ունեմ, ուղարկեց Դսեղ գյուղ, այնուհետև Վանաձոր, որտեղ էլ հասկանալով, որ սա իրենց խելքի բանը չէ, ինձ ուղարկեցին Երևան», պատմում է Մելինեն:

Մելինեն դպրոցական տարիքում անցել է բոլոր պատվաստումները և անհրաժեշտ  հետազոտությունները, սակայն երբևէ չեն ասել, որ սրտի խնդիր ունի։

Երևանում անցնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, պարզ դարձավ, որ Մելինեն սրտի արատ ունի։

Անհրաժեշտ է սրտի շտապ վիրահատություն, որի համար պետք է 15000 դոլար։ Նշանակված է երեք վիրահատություն, որոնցից գոնե մեկը հիմա կենսական նշանակություն ունի։

Մելինեի ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է, քանզի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է, հորաքույրը քայլելու խնդիր ունի։

Քանիցս դիմել են Ալավերդի, որպեսզի նպաստ ստանալն, սակայն մերժում են ստացել։ Պատճառաբանել են, որ չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին։

Ասում է, որ արդեն չորս տարի է քաշքշուկների մեջ են։ Դիմել են առողջապահության նախարարություն, սակայն այնտեղ չի անցնում ո՛չ միակողմանի ծնողազուրկ լինելը, ո՛չ հորս հիվանդության փաստը, քանզի ընտանիքում գոնե մեկը պետք է պետական աշխատող լինի։

Ասում է, որ անձամբ է մտել առողջապահության նախարարության աշխատակցի մոտ, սակայն այսպիսի պատասխան է լսել.«Հա՛, հարգելիս հասկանում եմ, խնդիր ունեք, սակայն օրենքը թույլ չի տալիս, պետությանը փաստեր են պետք, ես ինչ կարող եմ անել»։

Դիմել են նաև բարեգործների, վերջերս նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն… Մելինեին անհրաժեշտ է սրտի շտապ վիրահատություն, սակայն գումարի բացակայության պատճառով հետաձգվում է։

Այս ամենի մասին Մելինեն խոսում է հանգիստ տոնով, սառը դատողություններ է անում, գիտակցում է հարցի ամբողջ լրջությունը, բայց նաև հասկանում, որ պետք չէ ամեն օր լաց լինել, ավելորդ անգամ սթրեսի ենթարկելով և՛ իրեն, և՛ ընտանիքի անդամներին։

Չի սիրում իր հոգսերով ուրիշներին ծանրաբեռնել. «Ոչ ոք մեղավոր չէ, որ դու տխուր ես, ոչ ոք մեղավոր չէ, որ դու խնդիրներ ունես»։

Մելինեի խոսքով՝ այս ամենի մասին այսպես հանգիստ խոսելը, արդյունքն է նաև Աստծո նկատմամբ ունեցած մեծ հավատի։ Չնայած այս դժվարություններին՝ Մելինեն իրեն պատկերացնում է գրեթե բոլոր ոլորտներում:

-Սիրում եմ երգել, պարել, իրավաբանություն եմ շատ սիրում։ Մտածում էի բանկում աշխատելու մասին, բայց  առանձնապես մաթեմատիկայի նկատմամբ սեր չեմ ունեցել։ Հիմա էլ երբ բանկ եմ գնում, հաճույքով եմ նայում աշխատողների անցուդարձը։ Ինձ պատկերացրել եմ նաև ուսանողական կյանքում, որ կսովորեմ, կավարտեմ, սակայն խնդիրները, որի առաջ կանգնեցի՝ նպաստեցին նրան, որ այժմ մասնագիտություն չունեմ»։

Ասում է, որ որոշել էր նաև կարատեով զբաղվել, միևնույն ժամանակ ավելացնելով, որ նաև վախեցել է ինչ-որ մեկին հարվածելուց։

Պոզիտիվ ու հումորի մեծ զգացում ունեցող Մելինեն վստահ է, որ ամեն  ինչ լավ է լինելու, այս դժվարությունն էլ կհաղթահարի, չէ որ կյանքի նկատմամբ ունեցած սերն ամեն ինչից վեր է։

 

Շուշանիկ Միսկարյան, COAF –ի շրջանավարտ

ՎՊՀ լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Image alt Image alt Image alt
Ախտորոշում, ուղեգիր

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *