ԱՐՑԱԽ

Ճգնավորի խաչ

Լոռու մարզի Քարինջ գյուղը Հայաստանի փոքր գյուղերից է։ Եթե քարինջեցիներին հարցնեք, թե որոնք են գյուղի տեսարժան վայրերը, նրանց թվարկածների շարքում անպայման կլսեք «Ճգնավորի խաչ» մատուռի անունը։ Ճգնավորի խաչը ժայռափոր ու մութ փոքրիկ մատուռ է։ Մատուռի անվան հետ կապված գյուղացիները պատմում են, որ նախկինում` հայտնի չէ` երբ, այդ ժայռափոր մատուռում ապրել է մի ճգնավոր։ Այստեղից էլ առաջացել է «Ճգնավորի խաչ» անունը։ Մատուռում կան խաչքարերի բեկորներ, որոնց վրա, սակայն, որևէ թվական կամ գրություն առկա չէ։ Այն մասին, թե ով է եղել ճգնավորը, գյուղացիները տեղյակ չեն։ Սակայն գյուղի բնակիչներից Մխիթար Մխիթարյանն ասում է, որ այդ մարդը ներկայիս Քարինջ գյուղի բնակիչ չի եղել, այլ եղել է այն գյուղից, որը նախկինում եղել է Քարինջի տեղում, այնուհետև դադարել է գոյություն ունենալ։ Նախկինում այս տարածքում գյուղ լինելու մասին վկայում են հին գերեզմանոցները, որոնք բացահայտվեցին, երբ գյուղացիներից մեկը Ճգնավորի խաչից քիչ հեռու գտնվող տարածքում ուզում էր գոմ կառուցել: Մխիթարը նաև ասում է, որ Ճգնավորից մինչև Հաղպատ ընկած բոլոր եկեղեցիները տեսանելի են միմյանց և դեմ դիմաց են։ Նա իր մեծերից լսել է, որ հին ժամանակներում պատերազմների կամ այլ դեպքերի ժամանակ այդ վանքերի միջոցով բնակիչները հաղորդակցվել են միմյանց հետ։ Քանի որ վանքերը իրար դիմաց են, բնակիչները վանքերի դիմաց կրակ են վառել, և ծուխը տեսանելի է եղել մյուս գյուղերի բնակիչներին։

Ադամ քահանա Մակարյանի «Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)» աշխատության մեջ կարդում ենք, որ ճգնավորությունը իր ժամանակի առավել տրամաբանական ու հոգևոր ուղին էր և բարոյապես ու ֆիզիկապես ամենից առողջ կենցաղային վիճակը։ Աշխատության մեջ նշված է, որ ճգնավորությունը առաջ է եկել 313 թվականի Միլանի հրովարտակից հետո, ըստ որի` եկեղեցին ազատվեց հալածանքներից, բարիներից բացի այլ մարդիկ էլ սկսեցին մտնել եկեղեցի։ Այս պայմաններում իրական հավատացյալները սկսեցին քաշվել անաղարտ բնության ծոցը և աղոթել մարդկության փրկության համար։

Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Ճգնավորի խաչի ճգնակյացը ևս փորձել է իր մենակյացությամբ և աղոթքներով փրկել մարդկությանը։ Պատակահական չի ընտրված նաև վայրը։ Այն հեռու է եղել հասարակությունից, և բավականին դժվար ճանապարհ պետք է անցնել մատուռին հասնելու համար։ Այժմ մատուռը գյուղացիների համար ուխտի վայր է, բնակիչները այնտեղ մոմ են վառում և աղոթում իրենց Աստծուն։

 

Սեդա Մխիթարյան, ՎՊՀ, լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *