ԱՐՑԱԽ

Համայնքների խոշորացում. բնակիչների կարծիքները ոչ միշտ են հաշվի առնվել(տեսանյութ)

Պոստֆակտում հաղորդաշարի հյուրերն են՝ Թումանյան համայնքի ավագանու անդամ Տիգրան Մխիթարյանը, ՏԻՄ փորձագետ՝ Օլեգ Դուլգարյանը և Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ՏԻ և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը: Համայնքների խոշորացման գլխավոր նպատակը եղել է ուժեղ համայնք ունենալը և ապակենտրոնացում նախապատրաստելը: Ուժեղ համայնքների ձևավորման ճանապարհով աստիճանաբար հասնել մարզպետական ինստիտուտի լուծարման: Համայնքների խոշորացման մասին հանրային իրազեկումներն սկսվել էին դեռևս 2008թ-ից: 2011թ.-ին կառավարությունն ընդունեց համայնքների խոշորացման հայեցակարգը: 2015թ-ին Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի 22 համայնքներում տեղի ունեցած տեղական հանրաքվեի արդյունքում առաջին միավորված համայնքներն էին Թումանյանը, Տաթևը և Դիլիջանը: Համաձայն ԿԸՀ նախնական արդյունքների` Լոռու մարզի Աթան, Ահնիձոր, Թումանյան, Լորուտ, Մարց, Շամուտ և Քարինջ համայնքներում Թումանյան կենտրոնով միավորմանը կողմ է արտահայտվել 1007 մարդ կամ հանրաքվեին մասնակցած անձանց 68%-ը: 7 համայնքներից Աթանում, Ահնիձորում և Շամուտում բնակիչները խոշորացմանը դեմ են եղել: Խոշորացման հաջորդ փուլը 2017-ին էր: Ներկայումս ՀՀ-ում կա 502 համայնք, որից 52-ը՝ խոշորացված: Մինչ միավորումը ՀՀ-ում կար 915 համայնք, որոնց 48%-ն ուներ 1000-ից պակաս բնակչություն: Փոքրաթիվ համայնքների առկայության պայմաններում համայնքների և դրանց կառավարման զարգացումը համարվում էր անհեռանկարային: Հյուրերը խոսել են խոշորացման բացթողումներից, մասնավորապես՝ վարչական ներկայացուցիչների կողմից իրենց պարտականություններին ոչ լիարժեք տիրապետելու, աշխատակազմերի մասնագետների թափուր աշխատատեղերի մրցույթներում բանիմաց կադրերի ընտրության հնարավորություն չունենալու և շատ այլ խոցելի երևույթների մասին: Համայնքների, այդ թվում՝ խոշորացված համայնքների բյուջեները կախված են պետական դրամաշնորհներից, ինչը խիստ նվազեցնում է համայնքային բյուջեների անկախությունը և միավորված համայնքների ապակենտրոնացման հնարավորությունը: 1-ին փուլից հետո, ակնկալվում էր, որ պետք է արվեր ուսումնասիրություն, ուժեղ և թույլ կողմերի վերհանում, բնակչության հետ աշխատանք: Սակայն Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը սկսեց մշակել նոր համայնքների խոշորացման քարտեզներ, որոնց մեծամասնությունը տրամաբանական են, բայց ցանկի մեջ ներառվել էին այնպիսի համայնքներ, որոնք նույնիսկ սահման չունեին միմյանց հետ: Համայնքների միավորման վերջին գործընթացը կազմակերպվել է առանց տեղական հանրաքվեների: Ըստ Ժիրայր Ղազարյանի՝ սա պայմանավորված էր ՀՀ Սահմանադրությամբ, համաձայն որի հանրաքվեները տեղական մակարդակում այլևս պարտադիր չէին: Վերջին խոշորացումը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 9-ին ընդունված օրենքով, 328 համայնքների խոշորացամամբ ձևավորվեցին ևս 34 համայնք: Ըստ ampop.am կայքի՝ 2018թ. մարզերին հատկացվել է շուրջ 64 մլրդ դրամ գումար, որը կազմում է ամբողջ բյուջեի ծախսերի 4%-ը: 2018թ. խոշորացված համայնքները ստացել են 11.3 մլրդ դրամի դոտացիա, ինչը կազմում է ընդհանուր դոտացիաների 23%-ը: Խոշորացված համայնքներից ամենաշատ դոտացիան ստացել է Կապան քաղաքը` ավելի քան 1.1 մլրդ դրամ, իսկ ամենաքիչը՝ Լոռի Բերդ համայնքը՝ 13.5մլն դրամ: Պետությունը չի կարող միջամտել դոտացիայի ծախսման գործընթացին: 2018թ-ին հատկացված դոտացիան կազմել է ավելի քան 48 մլրդ դրամ, որ բյուջեի 3%-ն է: Դոտացիայի չափի վրա ազդում է նաև բնակչության քանակը, տրանսպորտի մատչելիությունը, համայնքի բարձրադիր լինելը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակը, բնակչության տարիքային կառուցվածքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *