ԱՐՑԱԽ

Մերուժի վրեժը նույն վայրկյանին լուծեցինք…

  Մերուժան Եղինյանի անունը հայտնի է յուրաքանչյուր քարինջեցու։ Նա Քարինջի այն երկու քաջ տղաներից մեկն է, որոնք մասնակցել են Արցախյան ազատամարտին և հերոսաբար զոհվել:

 - Մերուժան Եղինյանը ծնվել է 1957 թվականին: Նրա մանկությունն անցավ այնպես, ինչպես յուրաքանչյուր գյուղաբնակ երեխայինն է անցնում: Մեր հայրը շուտ է մահացել, ու Մերուժը լինելով ընտանիքի ավագ զավակը շատ է օգնել մորս։  Մանկապարտեզ երևի չի գնացել, իսկ դպրոցում շատ լավ էր սովորում: Կռվարար չի եղել, բայց պատվախնդիր էր, անհրաժեշտության դեպքում պաշտպանում էր ինքն իրեն։ Անվախ էր, շատ համարձակ։ Մարց գյուղում մի ձի կար, չհնազանդվող, վայրենի ձի, մի անգամ ոնց էր Մերուժը հարմարացրել, նստել էր էդ ձին ու քշել՝ իմանալով, թե վերջն ինչ էր լինելու… Ընկել էր, ձեռքը կոտրված բերին տուն,- պատմում է կրտսեր եղբայր` Մարտին Եղինյանը։

 1972-ին ավարտելով Քարինջի 8-ամյա դպրոցը` ընդունվում է Ալավերդու թիվ 2 միջնակարգ դպրոց` ֆիզմաթ թեքումով։ Այստեղ էլ Մերուժանն աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ։ -Երբ ես ընդունվեցի այդ նույն դպրոցը, բոլորն արդեն ինձ ճանաչում էին, ասում էին` «Մերուժի ախպերն ա»,- հիշում է կրտսեր եղբայրը։

1974-ին ավարտել է դպրոցը և ընդունվել ԵՊՀ կիրառական մաթեմատիայի բաժինը։ Ուսանողական տարիներին եղել է ակտիվիստ։ 1979-ին ավարտել է համալսարանը։ 1979-ին Լենինականում մասնակցել է եռամսյա զորավարժանքների, ստացել  ավագ լեյտենանտի կոչում։ Եղբայրն է ասում, որ նա ֆինանսապես ապահովված էր, արդեն ավագ գիտաշխատող էր, կարող էր հինալի ապագա ունենալ,  բայց մի օր ասաց, որ ուզում է մեկնել Արցախ։ Դա այն ժամանակ էր, երբ Քարինջի մյուս ազատամարտիկը` Միտյա Մկրտումյանն արդեն զոհվել էր։

 Մերուժանը զինվորագրվեց Վանաձորի “Երկրապահ” կամավորական ջոկատին` որպես մարտիկ և մասնակցեց Լաչինի ազատագրմանը։

-Նոյեմբերին եկավ Լաչինից` բավականին հյուծված էր, մեզ ասաց, որ էլ չի գնալու, բայց դեկտեմբերին նորից գնաց, այս անգամ՝ Ղափան,- պատմում է եղբայրը, ով մի կողմից դժգոհում էր, որ Մերուժանը պատերազմից ոչինչ չի պատմել, մյուս կողմից արդարացնում՝ «Երևի ձևն է այդպես»։

Հենց Ղափանում էլ Մերուժանը նահատակվեց։

Մերուժի մահը տեղի է ունեցել շատ անհավանական պահի։ Զինակից ընկերներից Վարդան Ազոյանի հուշերում կարդում ենք. «Դեկտեմբերի 24-ի առավոտյան Ագարակ գյուղում էինք։ ՄԵնք էինք դրության տերը և հանգիստ շրջում էինք գյուղում։ Ժամը 16-ին գնացինք վերևի պահակակետերը։ Հեռվից ձայնեցի, որ չկրակեն։ Մերուժանը կանգնեց, ընդառաջ եկավ մեզ։ Հաղթանակից ոգևորվել էր, գրկախառնվեցինք, ուրախացանք և երեքով ետ դարձանք։ Քայլում էինք  իրար ետևից` 2-3 մետր հեռավորությամբ։ Ես առջևում էի… հանկարծ կրակահերթ լսվեց, շրջվեցի… Մերուժն արդեն խփված էր… Մերուժի վրեժը նույն վայրկյանին լուծեցինք…»

-Առաջին հերթին իհարկե մեծ ցավ եմ զգում, բայց նաև հպարտ եմ, որ մեր ընտանիքից այդպիսի մարդ է դուրս եկել, - ասում է Մարտին Եղինյանը։

 Ղափանում կանգնեցվել է խաչքար՝ Ագարակի ազատամարտի զոհերի հիշատակին, որտեղ գրված է նաև Մերուժանի անունը։ Մերուժանի կիսանդրին կանգնեցված է նաև հայրենի գյուղում և գյուղի փողոցներից մեկն էլ կրում է Մերուժան Եղինյանի անունը։

Սեդա Մխիթարյան, COAF –ի շրջանավարտ

ՎՊՀ լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Image alt
Գյուղի հուշարձանը

1 Մեկնաբանություն

  1. Հետաքրքիր է, այս գրողը ինչու չի այցելել Մերուժի ընտանիքին, երևի չի իմացել որ ամուսնացած է եղել, գուցե կինն էլ մի խոսք ունենար ասելու:

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *