ԱՐՑԱԽ

Վանաձորի «պապան»՝ դեսպան Արտաշես Թումանյանը, միտումնավոր սնանկացրել է վանաձորցի գործարարին

Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները պետական իշխանության տարբեր ոլորտներում հանգեցրին տեսանելի փոփոխությունների, սակայն դատական իշխանության անկախության խնդիրը մնում է չլուծված: Դատական համակարգը գործում է նախկինի պես՝ հրահանգ կատարելով: Նման պնդում է անում վանաձորցի գործարար Սամվել Հարությունյանը, ով անձամբ բախվել է այդ իրականության հետ: Սամվել Հարությունյանին միտումնավոր կերպով սնանկացրել են, իսկ դրա հետևում կանգնած են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Մի խումբ հանցագործներ, նախկինում ունենալով քաղաքական հովանավորություն Բաղրամյան 26-ից, կեղծիքների միջոցով սնանկության ենթարկեցին Վանաձորի «Ստանկոմետ» ընկերությունը: Հանցագործության մեջ ներքաշված են բարձրաստիճան իրավապահներ, ովքեր հանցագործությունը կատարել են ակնհայտ փաստաթղթեր կեղծելով, և այդ ապացույցներն առկա են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: Վերջինս «Ստանկոմետ» ընկերության 90 տոկոս բաժնետեր է եղել: Ընկերության մյուս՝ 10 տոկոս բաժնետերը եղել է Արամ Անանյանը:

2003 թվականից «Ստանկոմետ» ընկերությունը ձեռք է բերել Վանաձորի հաստոցաշինական գործարանի գույքը, որում ընկերության սեփականատերերին աջակցել է «Ստանկոմետ» ընկերության գործընկեր, Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, որն այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր: Արտաշես Թումանյանի աջակցությունը կապված է եղել գույքը ձեռք բերելու գործընթացում հնարավոր խոչընդոտները, խնդիրները չեզոքացնելու, կանխելու հետ: Հաստոցաշինական գործարանի գույքը ձեռք բերելուց հետո կատարվել են խոշոր ներդրումներ, արտադրանքը սկսել է արտահանվել ԱՄՆ, ընկերությունը աշխատել է մեծ եկամուտներով: Սակայն սկսած 2006 թվականից՝ Սամվել Հարությունյանի, Արամ Անանյանի ու Արտաշես Թումանյանի միջև տարաձայնություններ են սկսվել այն աստիճան, որ դրանից երկու տարի անց Արամ Անանյանը ինքնասպան է եղել: Սամվել Հարությունյանի համոզմամբ՝ այդ ինքնասպանության պատճառը առկա տարաձայնությունները ու չլուծվող խնդիրներն էին:

«Այս ամբողջ պատմության, իմ սնանկության գործի ղեկավարը Արտաշես Թումանյանն է և նրա ընկեր՝ ամերիկաբնակ ՀՀ քաղաքացի Մանվել Ղալաչյանը։ Իմ նկատմամբ հետապնդումները սկսվեցին նրանից, որ ես ակտիվ քաղաքացի եմ եղել, միշտ իմ դիրքորոշումն եմ ունեցել, իմ աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարն էի փակցրել՝ վրան 5000 դրամ: Դրանից հետո էլ սկսվեցին իմ նկատմամբ հետապնդումները, սնանկացումը, քրեական գործերը: Արտաշես Թումանյանը դիտավորյալ ինձ սնանկացրեց ու գործարանի ամբողջ գույքը փոխանցեց, տարավ Պարսկաստան: Հիմա եթե օբյեկտիվ, պատշաճ քննություն կատարվի, ապա բոլոր հետքերը կտանեն դեպի Պարսկաստան, ու բոլոր թելերը կտանեն դեպի Արտաշես Թումանյան»,- ասաց Հարությունյանը:

2013 թվականին գործարարը դիմել է ՊԵԿ, կեղծ սնանկության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որի վարույթը, սակայն, կարճվել է: «Կարճվեց, քանի որ գործը ուներ նաև քաղաքական հովանավոր, և այդ հովանավորը Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ Հովիկ Հովսեփյանն էր, որը նույնպես վանաձորցի է և աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ եղել է Արտաշես Թումանյանի ենթական: Հենց նա է ճնշում գործադրել բարձր ատյանի դատարանների վրա: Գործի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև մեր մարզի դատախազը: Բայց Արտաշես Թումանյանը, ունենալով իր սեփական փաստաբանական գրասենյակը, գործի է դրել մանրամասն պլանավորված գործողությունների մի մեխանիզմ, որը մեծ վնասներ է պատճառել «Ստանկոմետ» ՍՊԸ-ին, իսկ Թումանյանը այդ մեխանիզմի արդյունքում ընկերության հաշվին ձեռք է բերել ֆինանսական բնույթի հսկայական պահանջների իրավունքներ, որոնք իր հանցագործ խմբի անդամների միջոցով ռեալիզացրել է և քայքայել գործարանը»,-պատմեց Սամվել Հարությունյանը:

Արտաշես Թումանյանը, մասնավորապես, իր նախաձեռնությամբ «Ստանկոմետ» ՍՊԸ-ին դարձրել է վարկառու, իսկ վարկային պարտավորությունները կատարելու համար հենց ինքն էլ գումարներ է տրամադրել ընկերությանը, ինչի արդյունքում ընկերությունը կուտակել է 230 միլիոն դրամի պարտավորություն: Իսկ Արտաշես Թումանյանի տրամադրած գումարները, որոնք ձևակերպվել են որպես փոխառություն, մուտքագրվել են տնօրեններ Վալերի Էմինյանի և Ստեփան Պապյանի անունից և ուղղվել են տարեկան 18 տոկոսանոց բանկային վարկը մարելուն և փոխառության պայմանագրերում ծանրաբեռնվել են տարեկան 270 տոկոս տույժ և տուգանքներով։ Եվ հենց այս տույժ-տուգանքներից էլ առաջացել է 230 միլիոն դրամի պարտավորություն, որի պահանջով թումանյանականները մտել են դատարան և պահանջել դա՝ քայքայելով փայլուն աշխատող ընկերությունը։

Այս փաստերի հետ կապված, ինչպես արդեն նշեցինք, Հարությունյանը բազմիցս դիմել է իրավապահներին, սակայն իր բոլոր բողոքները անպատասխան են մնացել: Դատարանները նույնպես անփոփոխ են թողել մերժման որոշումները:

Սամվել Հարությունյանի համար առավել զարմանալի է, որ հեղափոխությունից հետո՝ մայիսի 21-ին, վերաքննիչ դատարանը խայտառակ որոշում կայացրեց՝ ակնհայտ փաստերի առկայության պարագայում մերժելով իր վերաքննիչ բողոքը:

«Ես չէի սպասում, որ հեղափոխությունից հետո դատարանը պետության ներսում կմնա պետություն: Բայց ես հավատացած եմ, որ եթե դատարանը, իրավական համակարգը փոխի իր գործելաոճը և զբաղվի Վանաձոր քաղաքի Մանվելով (նկատի ունի Արտաշես Թումանյանին), կբացահայտի, թե այդ Մանվելը քանի գործարան ու ընկերություն է սնանկացրել, քանի մարդ է փողոց գցել, մարդկանց ինքնասպանության հասցրել: Արտաշես Թումանյանը երկար տարիներ համարվել է Վանաձորի պապան, մարդկանց է պաշտոնների նշանակել, գործից հանել տվել, գույքը խլել, բայց տրամաբանությունը հուշում է, որ նոր Հայաստանում այս գործելակերպը պետք է դատապարտվի և պատժվի: Դեռևս շանս կա գործարանը շահագործելու: Աղքատ Վանաձորում հնարավոր է գործարան շահագործել, աշխատատեղեր ստեղծել, եթե, իհարկե, պետությունը շահագրգռված է դրանում: Իսկ դրա ապացույցը կարող է լինել իմ գործին պատշած ընթացք տալը: Այս գործի արդարացի քննությունը հնարավորություն է՝ ցույց տալու, որ դատական համակարգում տեղի են ունեցել փոփոխություններ, և որ հնարավոր է պայքարել պետության գումարներով ապօրինի հարստացած անձանց, պաշտոնյաների դեմ»,- եզրափակեց Սամվել Հարությունյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *